211652_close_icon
views-count3196 դիտում article-date 12:41 24-08-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանում՝ Դավթաշեն վարչական շրջանում, «մահվան անցում» անունը ստացած հատվածում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. պատասխանատուների խոստումը «օդ դուրս եկավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:10-ի սահմաններում Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Վլադիմիր Ա.-ի վարած «Nissan» մակնիշի և 41-ամյա Հայկ Ս.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության 21-րդ խումբը վարորդներից Վլադիմիր Ա.-ին նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդներին և վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Արմենիա» հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր նաև ավտոմեքենայից դուրս են բերել մի երեխայի, սակայն ծնողները հրաժարվել են երեխային տեղափոխել հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյան գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Պետրոսյանն ու պարեկ Ազատ Ղազարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհին նախկինում տեղադրվել էին արհեստական անհարթություններ, սակայն հետո Երևանի քաղաքապետարանն այն ապամոնտաժել էր՝ խոստանալով, որ տեղադրվելու է հետիոտների համար հատուկ լուսակիր, քանի որ այդ հատվածում շատ հաճախ են տեղի ունեցել և մինչև այժմ տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, վրաերթեր, ցավոք, մահվան ելքով, իսկ պատասխանատուները կարծես թե դիտմամբ այդ արհեստական անհարթությունները ապամոնտաժեցին և իրենց խոստացված լուսակիրները չտեղադրեցին, երևի թե նրանց «սրտով» է, որ տեղի են ունենում նման դեպքեր։ Թե որ մարմինն է ի վերջո այս մահվան անունը ստացած հատվածում խոստացված լուսակիրների տեղադրումն իրականացնելու, մնացել է այդ պաշտոնյաների տված դատարկ խոստումների նման օդից կախված։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտովթարը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
Տեսանյութը՝ համացանցից

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր