211652_close_icon
views-count45091 դիտում article-date 11:38 23-08-2026

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Կոմիտասի պողոտայում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան, «Chevrolet»-ը «Opel Zafira»-ն և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարները, պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, «Chevrolet» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, 2 հոգի որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Սարգսյանը և պարեկ Շահեն Խաչատրյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Ավետիք Թովմասյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ շտապօգնությունը բուժառու տեղափոխելիս է եղել և ըստ նրանց հայտնածի մեղավորը շտապօգնության ավտոմեքենան է եղել, սակայն դա պետք է կամ հաստատվի, կամ հերքվի քննչական գործողությունների արդյունքում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան պատկտանում է Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին և վթարի հետևանքով էլ վիրավորների թիվը դարձել է 4։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր