211652_close_icon
views-count1784 դիտում article-date 10:36 23-03-2021

Փաշինյանը գնում է լենինյան ուղով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «vz.ru-ն «Փաշինյանը գնում է լենինյան ուղով» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում շատերը չեն սիրում, իսկ Հայաստանի զգալի մասը բառացիորեն ատում է: Տեսականորեն, նրանք բոլորը ուրախանալու մեծ առիթ ունեն. քանի որ, այնուամենայնիվ, Փաշինյանին «սեղմել» են, և նա համաձայնել է արտահերթ ընտրություններ անցկացնել: Դրա համար պետք կլինի վերացնել նաև ռազմական դրությունը: Սակայն նրա հակառակորդների ուրախությունը կարող է ժամանակավրեպ լինել: «Կողքից» կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանը ծանր պարտություն է կրել:

Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Հայտարարությունը եղել է խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո: Եվ չնայած փողոցային ընդդիմությունը վերահսկվում է բոլորովին այլ մարդկանց՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, Ծառուկյանը ևս Փաշինյանի «մահացու» թշնամին է: Փաշինյանը երկրի այդ ամենահարուստ մարդուն զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից և փորձում է կոռուպցիայի մեղադրանքով նստեցնել:

Մեծ հաշվով, Փաշինյանը կարող էր ոչինչ էլ չանել և գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում մնալ մինչև 2023 թվականը: Բայց դա ցանկալի չէր ո՛չ երկրի նախագահին, ո՛չ բանակին, ո՛չ ընդդիմությանը, ոչ էլ բնակչության մի զգալի մասին, բայց լիովին համապատասխանում էր Փաշինյանի ցանկությանը և Հայաստանի օրենքներին: Ռուսաստանը չի միջամտում այս ամենին. նա միայն խնդրում է, որ «ամեն ինչ օրենքին համապատասխան լինի»: Մի կողմից՝ համարվում է, որ Կրեմլը մեծ համակրանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին, ընդհակառակը, չի սիրում և չի վստահում նրան որպես «գունավոր հեղափոխության» արևմտյան առաջնորդի: Մյուս կողմից՝ Փաշինյանը ստանձնել է չափազանց դժվար և տհաճ պարտավորություններ պատերազմը դադարեցնելու հայտարարությունը կյանքի կոչելու համար:

Պետք է խոստովանել, որ ընդդիմությունը փողոցում չկարողացավ հաղթել, քանի որ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները թվով համեմատելի էին նրա աջակցության հանրահավաքների հետ և չէին կարող համեմատվել Սարգսյանին տապալած «սիրո հեղափոխության» հանրահավաքների հետ: Փաշինյանն ունեցավ և՛ հնարավորություն, և՛ կամք «իր սեփական ժողովրդի հետ մնալու» և «թքած ունենալու ամեն ինչի վրա»: Նա արդեն հասցրել է ապացուցել, որ ինքն այն է, ինչ քաղաքագետներն անվանում են «քաղաքական կենդանի»: Այլ կերպ ասած՝ մարդ, որը բնազդորեն ուղղված է դեպի իշխանություն և հաստատակամ գնում է իր նպատակին՝ անկախ խոչընդոտներից: Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս նման անձնավորություն է՝ չեմ հեռանա, իմն է, թեկուզ տրաքեք:

Ավելին՝ Հայաստանում այժմ ռազմական դրություն է, որի համաձայն, ընտրություններն արգելվում են: Արդյունքում, իշխանություններն ունեն քարտ բլանշ ցանկացած գործողության համար, իսկ բողոքելու հնարավորությունները սահմանափակ են: Այնուամենայնիվ, Փաշինյանը, կարծես, հեռանում է՝ կարելի է ասել՝ դավաճանելով իր աջակիցներին և իր սեփական էությանը: Իսկ ինչո՞ւ: Նրա համակիրները կասեն, որ նա, որպես լիբերալ և ժողովրդավար առաջնորդ, պարզապես չէր կարող իրեն թույլ տալ սահմանել գռեհիկ բռնապետություն: Նրան ատողները կառարկեն, որ ամբողջ հարցն այն է, որ ամբողջ երկիրն է ատում Փաշինյանին, ուստի նա պարզապես այլ ելք չունի: Բայց կա նաև երրորդ տարբերակը:

Եվ ինչպես երևում է, այն ամենից հավանականն է, թեև համարյա ֆանտաստիկ է փողոցային ընդդիմության համար. Փաշինյանը համաձայնել է նոր ընտրությունների միայն այն պատճառով, որ ակնկալում է հաղթել, այսինքն՝ պահպանել իշխանությունը: Եվ նա կարող է դա անել: Վլադիմիր Լենինը ներկայումս էլ շարունակում է մնալ իշխանության զավթման և պահպանման ընդհանուր ճանաչում ունեցող «մասնագետ». չնայած նա շատերի կողմից ատելի քաղաքական գործիչ է, բայց պետք է ընդունել, որ հանճար է եղել:

Նրա «երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի» արտահայտությունն ասվել է բոլորովին այլ բանի մասին և այլ հանգամանքում, բայց լիովին համապատասխանում է Փաշինյանի դիրքորոշմանը: Եթե նա պատերազմից անմիջապես հետո հայտարարեր նոր ընտրություններ, ապա նրա կուսակցությունը շանսեր չէր ունենա: Պատասխանատվության ողջ բեռը և պարտության ողջ դառնությունն անխուսափելիորեն դուրս կգար Փաշինյանի դեմ: Դա էլ հենց «շուտ»-ն է: Եթե ընտրություններն անցկացվեն ավելի ուշ, օրինակ՝ հաջորդ տարի կամ նույնիսկ 2023 թվականին, ապա վտանգ կա, որ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի, ճգնաժամի և այլ տնտեսական խնդիրների պատճառով հասցված կլինեն «վերջնակետին», բացի դա, ընդդիմությունը կամրապնդվեր կառուցվածքային և քաղաքական առումով:

Դա էլ նշանակում է «ուշ»-ը: Իսկ հիմա ճիշտ ժամանակն է: Փրկվելով հետպատերազմյան ճգնաժամային օրերին՝ Փաշինյանը մի քանի ամիս ժամանակ ստացավ, որ ուրիշի վրա գցի ղարաբաղյան ողբերգության պատասխանատվությունը և ապացուցի, որ ինքը դեռ շարունակում է մնալ երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը նկատելիորեն տարանջատված է, դեռ չեն մոռացվել պահանջները ՀՀԿ-ին, որը ներկայումս փորձում է խաղալ առաջին ջութակի դերը փողոցային ընդդիմության մեջ: Սկզբունքորեն կարևոր է նաև այն, որ ընտրություններն անցկացվելու են Փաշինյանի կուսակցության համար ձեռնտու համամասնական սխեմայով, բացի դա, նա կմնա վարչապետ մինչև գարնան վերջ, ինչը նույնպես կարևոր է ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում և հնարավորություն է տալիս վարչական ռեսուրսը առավելագույն օգտագործել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր