211652_close_icon
views-count2286 դիտում article-date 21:05 21-03-2021

Բոլորին խնդրում եմ խուսափել որևէ շահարկումներից. ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյան

Հրաժեշտի իմ ուղերձը ես կհրապարակեմ ավելի ուշ, մինչ այդ բոլորին խնդրում եմ խուսափել որևէ շահարկումներից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ և ընկերներ

Շուրջ հինգ տարվա մեր դիվանագիտական ծառայությունը բալթյան երկրներում մոտեցավ իր տրամաբանական ավարտին։

Առաջիկա շաբաթների ընթացքում (մինչ ապրիլի 15) մենք կունենանք հրաժեշտի հանդիպումներ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում` այս երկրների պաշտոնյաների և այստեղ ապրող մեր հայրենակիցների հետ։

Միաժամանակ արդեն ավարտական փուլում գտնվող երկու ծրագրեր (Նարեկացու "Մատյանի" երկրորդ, ընդլայնված, նկարազարդ, հրատարակությունը լիտվերեն ուղեկցվող աուդիո գրքով (երեք հայտնի դերասանների ընթերցմամբ) և Թումանյանի հեքիաթների էստոներեն թարգմանությունը) կներկայացվեն որպես մեր վերջին նախաձեռնություններ։

Կովիդով պայմանավորված սահմանափակումների պատճառով ամենայն հավանականությամբ կչեղարկվեն Ապրիլի 17 -ին Լիտվայի Կաունաս քաղաքի ֆիլհարմոնիայում նախատեսված Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» և Կոմիտասի Պատարագի որոշ հատվածներից բաղկացած համերգը, ինչպես նաև ապրիլի 25 ին Տալինի Նիգուլիստե եկեղեցում Էստոնիայի պետական արական երգչախմբի` Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Կոմիտասի Պատարագի ամբողջական համերգային կատարումը։

Նույն պատճառով երկու անգամ հետաձգվեց և չեղարկվեց նաև Ֆրանց Վերֆելի "Մուսա լեռան 40 օրը" վեպի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը Լատվիայի Ազգային գրադարանում (որը Լատվիայում Ավստրիայի դեսպանության հետ էինք իրականացնելու)։ Բոլոր այդ երեք միջոցառումներն (Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում) իհարկե պետք է նվիրված լինեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հրաժեշտի իմ ուղերձը ես կհրապարակեմ ավելի ուշ։ Մինչ այդ բոլորին խնդրում եմ խուսափել որևէ շահարկումներից։ Դիվանագիտական աշխատանքը ծառայություն է։ Ցանկացած առաքելություն ունի իր սկիզբը և ավարտը։

Ցանկանում եմ շնորհակալություն արտահայտել բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում մեր կատարած աշխատանքը և ձեռքբերումները` ուղղված բալթյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների էլ ավելի խորացմանը և Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Երախտիքի խոսքեր եմ ուղղում բոլոր մեր աջակիցներին, մեր համայնքների ղեկավարներին։ Նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանին մաղթում եմ ամենայն բարիք և նորանոր հաջողություններ իր առաքելության ընթացքում», գրել է նախկին դեսպանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր