211652_close_icon
views-count5951 դիտում article-date 23:30 15-03-2021

Իմքայլական պատգամավորն այսօր հայտարարել է՝ երկիրն այնպիսի վիճակում չէր, որ համայնքապետները ջոկատ կազմեին և պայքարեին թշնամու դեմ․ ի՞նչ էին հայտարարում իմքայլական մարզպետները պատերազմի օրերին

Tert.am-ը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ընթացքում բոլոր համայնքները և համայնքի աշխատակիցներն ակտիվ մասնակցել են թիկունքային աշխատանքներին, բայց երկիրն այնպիսի վիճակում չի եղել, որ համայնքապետները պետք է կազմեին ջոկատ և պայքարեին։

Որպես հիշեցում ներկայացնում ենք պատերազմի ընթացքում մարզպետների ուղերձները, որոնք, անսալով Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտարարել էին կամավորական ջոկատներ կազմելու մասին:

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյան

«Ես` Գարիկ Մնացականի Սարգսյանս,
ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:
Զինվորական երդումս տվել եմ 15 տարի առաջ, իսկ հիմա եկել է պահը, որպեսզի իմ երդմանը հավատարիմ, զինակից ընկերներիս հետ միասին, մասնակից լինեմ հայրենի սահմանների պաշտպանությանն ու մեր հաղթանակի կերտման Սուրբ գործին։
Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր ՀԵՐՈՍ տղերքին։

Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը

Գալի՛ս ենք»։ 

Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզի համայնքների հարգելի՛ ղեկավարներ, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ բոլորս պետք է ամենասեղմ ժամկետներում ձևավորենք ինքնապաշտպանական ջոկատներ և բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո:

Կոչ եմ անում բոլորին արագ գործել՝ քաջ գիտակցելով, որ պահն օրհասական է, յուրքանչյուրիս ներդրումը Հայրենիքի պաշտպանության գործում՝ խիստ անհրաժեշտ և ամեն մի րոպեն կարևոր է՝ դեպի փառավոր Հաղթանակ տանող ճանապարհին:

Իսկ ավելի ուշ Լոռու մարզպետը հրապարակել էր այսպիսի գրառում․«Լոռիում ընթացքի մեջ է կամավորական ջոկատների կազմավորման գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո՝ իմ կոչին արձագանքելով՝ Լոռու մարզի համայնքների ղեկավարներն այսօր արդեն ինձ են ներկայացնում համայնքային կամավորական ջոկատների կազմերը:

Արդեն իսկ ներկայացել են Ախթալա, Փամբակ, Մարգահովիտ, Ձորագյուղ, Արջուտ և Վահագնաձոր համայնքների համայնքապետերը՝ համայնքային ցուցակներով:

Գործընթացը շարունակվում է»

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տեսանյութ էր հրապարակել, որով ուղերձով դիմել էր, որպեսզի մարզի բնակիչները անդամագրվեն կամավորական ջոկատում։ «Կոչ եմ անում՝ ինձ հետ միասին զինվորագրվել հայրենի սուրբ հողի պաշտպանությանը, հայրենիքը հենց հիմա ունի մեր կարիքը։ Մենք ժամ առաջ պետք է  ջոկատ կազմենք և մեկնենք առաջնագիծ։ Մարզում ձևովորվելու է կամավորական ջոկատ և այդ ջոկատը, ինչպես գերագույն գլխավոր հրամանատարն է հայտարարել, գլխավոր շտաբի ենթակայության տակ է անցնելու և կատարելու է ստացած մարտական առաջադրանքը։ Ես առաջին անդամագրվողն եմ այդ ջոկատում»,–ասել է նա և նշել, որ բոլոր գյուղերից, քաղաքաներից բոլորին սպասում են։

Օրեր անց մարզպետի էջում մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ հեռախոսազրույցը հրապարակել է մարզպետի օգնական Մերի Բադալյանը: ««Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատն իմ գլխավորությամբ արդեն շուրջ 10 օր է առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս-ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության»:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան

Առաջնորդվեով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով` այսօր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատներին ճանապարհեցինք N զորամաս` մի քանի օր զինվորական պատրաստականության դասընթացներ անցնելու, ապա հայրենիքի պաշտպանության առաջնագիծ մեկնելու:

Համայնքներում կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը շարունակվում է, և մեծ համախմբվածությամբ բոլորս պատրաստ ենք մեկնելու Արցախ` սահմանին կանգնած մեր եղբայրների հետ իրականացնելու Հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը:

Մարզպետի  էջում հրապարակվել է տեսանյութ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ավարտվեց Գեղարքունիքի մարզպետարանում գումարված մարզխորհուրդի արտահերթ նիստը։

Առանցքային ու թերևս ամենակարևոր հարցը՝ մարզում ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումն էր։

Հպարտությամբ ասում եմ, որ բոլորը միահամուռ, իմ գլխավորությամբ,պատրաստակամություն հայտնեցինք ստեղծելու կամավորական ջոկատներ, և մեր արդար պայքարը փառքով ու հաղթանակով պսակելու։

Եվ ուրեմն.

Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը:

Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և ըստ անհրաժեշտության մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ»:

#Հաղթելուենք

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր