211652_close_icon
views-count2016 դիտում article-date 16:19 15-03-2021

Իմ համոզմամբ սա այլ նպատակներով իրականացրած հրապարակում էր. «Իմ քայլի» պատգամավորը՝ Կապանի հայտնի տեսանյութի մասին

Դատախազությունում ստուգվում են Կապաբնի հետ կապված տեսանյութում նշված փաստերը, արդյոք դրանք իրական են, թե ոչ, ինչ նպատակով են դրանք հրապարակվել, բայց ամեն դեպքում պեռտք է ասեմ, որ զինվորականն իրավունք չունի նման հրապարակումներ անել:

Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Եթե զինվորականների  մոտ կան խնդիրներ, ապա վերադասության կարգով, սահմանված կարգով ներկայացման հնարավորություն կա: Ես խիստ կասկածում եմ, որ այդ տեսանյութը զուտ քաղաքական նպատակներով չի արվել:

Սրա հետ կապված ստուգումներ են իրականացվում, որոնց արդյունքներն անպայման կհրապարակվեն»,-ասաց նա՝ անընդունելի համարելով երկրի ազգային անվտանգության խնդիրները սոցիալական ցանցերում քննարկելը:

«Հատկապես զինվորական համազգեստ կրող  անձը դա պետք է շատ լավ գիտակցի: Պետք է գիտակցի, որ դա առաջին հերթին ուսումնասիրվելու է թշնամու կողմից: Եթե դա գիտակցելով է նման քայլ արել, պետք է հասկանանք, թե ինչու է դա արել: Ի վերջո, մենք սպասում ենք դատախազության աշխատանքի արդյունքներին: Բայց իմ խորին համոզմամբ սա այլ նպատակներով իրականացրած հրապարակում էր»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ կան մեղավորներ այս կամ այն կողմից, նրանք անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Նշենք, որ նախօրեին համացանցում տարածվեց եւ բուռն քննադատությունների առիթ դարձավ մի տեսանյութ, որում Սյունիքի մարզի դիրքերից մեկում զինծառայողը բողոքում էր դիրքի պայմաններից:

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ հայտնել էր, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով:
 

Նմանատիպ նյութեր