211652_close_icon
views-count10062 դիտում article-date 10:12 13-03-2021

Տնտեսական կայունություն՝ ուսուցիչների աշխատավարձերի կրճատման գնո՞վ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Եվ դուք՝ որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ, քայլե՛ք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրե՛ք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը և փոխելու աշխարհը»,- այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը:

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա»,- իսկ այս մասին վարչապետը խոսել է 2019 թվականի ապրիլի 22-ին: և հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է իր խոսքերի ճիշտ հակառակը. կրթության ոլորտի ֆինանսավորումը լուրջ հարվածի տակ է դրվել, և այն երաշխիքները, որոնք մերժված Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին են ամրագրվել «Կրթության մասին» օրենքի մեջ, հիմա Փաշինյանը հանել է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նախօրեին չզեկուցվող, գաղտնի ձևաչափով փոփոխություններ է կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:


Այսինքն՝ սա նշանակում է, որ նախադպրոցական ու դպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերն էապես կարող են կրճատվել, մինչդեռ ուսուցչի, մանկապարտեզի աշխատակիցների աշխատանքը համարվում է բավականին ծանրաբեռնված և պետք է պետության կողմից երաշխավորված լինի:

Նախագծի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է՝ ի դեմս նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նա, մեր տեղեկություններով, կառավարության դռնփակ ձևաչափով քննարկումների ժամանակ հայտնել է՝ քանի որ երկրում ֆինանսական ներդրումներ չեն լինում, պետք է ներքին ռեսուրսները տեղաբաշխելով՝ հաղթահարենք ֆինանսական դժվարությունները։ Այսինքն՝ կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման գնով է Ջանջուղազյանը ցանկանում պահել տնտեսական կայունություն։

Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր համաձայնությունը չի տվել այս նախաձեռնությանը, նա առարկություններ է ուղարկել։

Կառավարությունը, սակայն, ընդունել է այս ընդգրկուն նախագծերի փաթեթը, որը առնչվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Նրանց երաշխավորված ֆինանսավորումն էլ է կրճատվելու, և այս առիթով այսօր օմբուդսմենն ասուլիս է հրավիրել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր