211652_close_icon
views-count2489 դիտում article-date 09:39 12-03-2021

«Պատրոն Դավոյի» քրգործով ՊՆ պաշտոնյաներ են հարցաքննվել. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են հրավիրվել ԱԱԾ և հարցաքննվել: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չցանկացավ անուններ տալ:

«Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց իր աղբյուրներից պարզել, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել նաև ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, քանի որ նա եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում:

Նշենք, որ պաշտպան Արմեն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս ընթացքում Դավիթ Գալստյանը մի քանի անգամ ցուցմունքներ է տվել ԱԱԾ-ում և ասել՝ չի ընդունում մեղադրանքը: Հարությունյանի խոսքով՝ իրենք առաջիկայում Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով պատրաստվում են դիմել ՀՀ վճռաբեկ դատարան:

Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր՝ պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր