211652_close_icon
views-count1807 դիտում article-date 19:10 10-03-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

 
                ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը քաղաքացու կողմից հասցեագրված՝ նոր կառուցվող շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի թեկնածու առաջադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա իրականացված դիտարկման արդյունքում պարզել է, որ վերոնշյալ օբյեկտը դեռևս  2020 թ․մայիս ամսին Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել  և արձանագրվել է որպես ինքնակամ կառույց։

Արդյունքում Վարդենիս համայնքիղեկավար Ա․ Մելքոնյանին ուղարկվել է գրություն՝ ինքնակամ շինարարականաշխատանքները դադարեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքները վերացնելու վերաբերյալ։Համայնքի ղեկավարը պատասխան գրությամբ հայտնել է, որ շինարարական աշխատանքները դադարեցված են մինչև համապատասխան փաստաթղթերի ձեռքբերումը։Սակայն Տեսչական մարմինըկրկնակի ուսումնասիրութունից պարզել է, որ շինարարական աշխատանքները դադարեցված չեն, ուստի՝ համայնքի ղեկավարին կրկին գրություն է հասցեագրվել՝ ինքնակամ շինարարական աշխատանքները դադարեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքները վերացնելու համար։ Այդ պահանջը ևս չի կատարվել, ինչի համար Տեսչական մարմինը գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Նշենք, որ նշվածօբյեկտին վերաբերող  Տեսչական մարմնի  պահանջած փաստաթղթերը Վարդենիս համայնքի ղեկավարը ներկայացրել է,  բացառությամբ նախագծի՝ պատճառաբանելով, որ դրանում առկա է անհամապատասխանություն, և նախագծի ճշգրտված տարբերակը պետք է պահանջել կառուցապատողից։

Տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությունիցՏեսչական մարմինը պարզել է, որՎարդենիս համայնքի ղեկավարը, ինքնակամ կառույցի առկայության մասին տեղյակ լինելով հանդերձ, տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք,  վերջինիս հիմքով կազմված նախագիծը հաստատվել է, և շինարարության թույլտվություն  է տրվել, ընդ որում՝ շինարարությունն արդեն կատարված լինելու պայմաններում։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «ՀՀ կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով թույլտվությունները և այլ փաստաթղթեր տրամադրվում են հետևյալ փուլերով` նախագծման թույլտվություն (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (կամ շահագործման թույլտվություն), եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ:

Իրավական այս նորմը վկայում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է նոր կառուցապատում իրականացնելու նպատակով։

Այսինքն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, թաքցնելով ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու օրինական հիմքերի բացակայության փաստը, կազմել և ստորագրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, ինչը կառուցապատողին և նախագծող կազմակերպությանը իրավունք է վերապահել, իրական, ճշմարիտ փաստերն անտեսելով, կազմել նոր կառուցվող օբյեկտի նախագիծ և այն հաստատելով՝ շինարարության թույլտվություն տալ։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով բացահայտված խախտումների բնույթը՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց՝ տվյալ դեպքում Վարդենիս համայնքի ղեկավարին, պատասխանատվության ենթարկելու համար:
 
 
 
 
 
 
 
 

Նմանատիպ նյութեր