211652_close_icon
views-count16770 դիտում article-date 19:25 09-03-2021

Մինչև 53 տարեկան կանայք, ովքեր որդի են կորցրել Արցախի պատերազմում, պետպատվերի շրջանակներում ԷԿՈ (ԱՄԲ) անելու հնարավորություն կունենան

Արցախի պատերազմում իրենց որդուն կորցրած զույգերը պետպատվերի շրջանակներում ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում) անելու հնարավորություն կունենան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողականության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ նախկինում եւս պետպատվերով ԱՄԲ անելու հնարավորություն կար, բայց այդ ծրագրից կարող էին օգտվել միայն մինչեւ 42 տարեկան կանայք։ Խնդիրն այն էր, որ պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրերի մեծ մասը այս տարիքից մեծ են: Ուստի որոշվել է ծրագրին մասնակցելու առավելագույն տարիքը բարձրացնել մինչեւ 53 տարեկան ներառյալ:

Անվճար ԱՄԲ անելու հնարավորությունից, մասնագետի խոսքով, կարող են օգտվել բոլոր զույգերը, ովքեր կորցրել են իրենց որդուն Արցախյան պատերազմում՝ անկախ այն բանից, թե ունեն արդյոք նրանք այլ երեխաներ։ Սակայն որոշում կայացնելիս, բնականաբար, մասնագետները ստիպված կլինեն հաշվի առնել կնոջ առողջական վիճակը եւ բոլոր հնարավոր հակացուցումները:

Ինչպես նշեց Էդուարդ Համբարձումյանը, ծրագիրը կաշխատի Երեւանի վերարտադրողական բժշկության 5 կենտրոններում:

«Պատերազմից հետո բոլորս մտածում ենք ինչպես ապրել այսուհետ: Վերջերս գրեթե ամեն օր մեր կենտրոն են գալիս պատերազմում իրենց երեխաներին կորցրած զույգեր: Նրանք ուզում են նորից ծնողներ դառնալ, եւ ես դրա մեջ կարեւոր խորհուրդ եմ տեսնում՝ այս զույգերը ոչ միայն հերոսներ են դաստիարակել, այլեւ իրենք են հերոսներ: Նրանք բոլորիս ճանապարհ են ցույց տալիս՝ պետք է շարունակել ապրել, պետք է առաջ գնալ, երեխաներ ունենալ, վերարտադրել ժողովրդին, ամրապնդել պետությունը»:

Երեխա ունենալ ցանկացող տասնհինգ զույգ է արդեն դիմել բժիշկ Համբարձումյանի կողմից ղեկավարվող Fertility Center:

«Հուսով եմ, որ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին մենք արդեն կունենանք դրական նորություններ», - ասաց մասնագետը:

Նմանատիպ նյութեր