211652_close_icon
views-count1754 դիտում article-date 13:20 21-02-2021

Եթե իշխանությանը հաջողվի սահմանափակել ստեղծագործելու ազատությունը, ապա կունենանք շատ ցավալի իրավիճակներ. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատարանի այսօրվա  որոշումը շատ լուրջ, ինչ որ տեղ բեկումնային նշանակություն ունի, քանի որ այս գործն իր բնույթով շատ առանձնահատուկ է. Առաջին անգամն է, որ ստեղծագործության՝ բեմականացման համար մարդուն զրկում են ազատությունից և փորձում են ավելի երկար պահել անազատության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Նարեկ Մալյանի ձերբակալությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «ՎԵՏՕ» շարժման ֆեյսբուքյան էջում գրել էին, որ փետրվարի 20-ին, հանրահավաքից մեկ ժամ առաջ պատրաստվում են ներկայացնել «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ինտերակտիվ պերֆորմանս ներկայացում: Հանրահավաքից մոտ մեկ ու կես ժամ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել  «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Իսկ այսօր, Ավան և Նոր նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր գործի քննությունը:

«Կարծում եմ, որ եթե իշխանություններին հաջողվի ստեղծագործության ազատությունն այսպես սահմանափակել, ապա մենք  կունենանք շատ ավելի ցավալի իրավիճակներ: Օրինակ ինչ -որ քաղաքացի, պայմանական՝ Աշոտ Փաշինյան, կարող է միջոցներ ձեռնարկել, որ Րաֆֆու «Սամվելը» արգելված գրականություն դառնա, մեկ այլ քաղաքացի կարող է Դոստոևսկու «Ապուշը» արգելել, և այսպես արգելեն ստեղծագործելը, բեմականացնելը, երգելը: Հիշում եք, որ անցյալ տարի, ինչ որ պատգամավորներ խոսում էին, թե որքանով են իրավաչափ այն երգերը, որոնք վերաբերում են ազգային-ազատագրական բովանդակությանը»,- ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ շատ ցավալի է, որ մեր իրավապահ մարմինները կատարում են այսպիսի խայտառակ պատվերներ:

«Ես հավատացնում եմ, որ այն մարդիկ, որոնք որ պատվերների կատարման գործընթացում են գտնվում նրանք հանրությանը հայտնի են դառնալու: Ես արդեն հրապարակել եմ քննիչի մասին տեղեկություններ և կարծում եմ, որ սա շատ կարևոր գործիք է հանրային պարսավանքի, որովհետև կարելի է տարբեր կերպ վերաբերել աշխատանքին, բայց միշտ լինում են կարմիր գծեր: Եթե դու բացարձակ անհիմն անձին անազատության ես ենթարկում, ստորագրում ես ձերբակալման որոշումը, էլ չեմ խոսում քրեական գործի մասին, որը զավեշտ է, ապա մարդիկ պետք է պատրաստ լինեն դրա համար օրենքի և հանրային բարոյականության սահմաններում ենթարկվել պատասխանատվության»,-ասաց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր