211652_close_icon
views-count2982 դիտում article-date 22:58 19-02-2021

Փետրվարի 20-ին՝ Ազատության հրապարակ՝ եթե ուզում ենք խուսափել 1915 թ. կրկնությունից. Արմեն Ասրյան

 yerkir.am-ը գրում է. 
Թուրքական պետությունը 1915-1916 թթ. Հայոց ցեղասպանությունը հաջողությամբ իրականացնելու նպատակով նախ կոտորեց արևմտահայ մարտունակ բնակչությանը, 18-60 տարեկան շուրջ 300 հազար հայ տղամարդու: Դրանից հետո բռնագաղթի ճանապարհին կամ համակենտրոնացման ճամբարներում կազմակերպվեց գրեթե անպաշտպան մնացած ավելի քան 1 մլն արևմտահայերի ցեղասպանությունը: Արդյունքում՝ Արևմտյան Հայաստանը հայաթափվեց և սեփականացվեց թուրքերի կողմից, հուսանք՝ ժամանակավորապես:

2020 թ. սեպտեմբերին սկսված ադրբեջանա-թուրքական 44-օրյա մեծամասշտաբ ագրեսիայի, ապա նաև իբր թե խաղաղություն հաստատելու, իսկ իրականում՝ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ քողարկված ագրեսիայի պայմաններում սպանվեցին շուրջ 5.000, վիրավորվեցին, հաշմանդամ դարձան, անհետ կորան ու գերեվարվեցին ավելի քան 10.000 հիմնականում երիտասարդ հայ զինվորականներ, որոնք հայոց դիմադրության սերուցքն ու արժանապատվության պատվարն էին: Կարճ՝ պատերազմը դարձավ սպանդ հայ զինվորականության և նրանց օգնության շտապող հայ կամավորականների համար, այն դեպքում, երբ Հայոց բանակը չէր կարող պարտվել և չի պարտվել:

Մեծաթիվ փորձագետների, պատերազմի մասնակիցների և ականատեսների կարծիքով՝ պետական իշխանության կրող նիկոլ փաշինյանը և նրա արբանյակները համալիր քայլեր չձեռնարկեցին ագրեսորին ջախջախիչ հակահարված հասցնելու և մեր հայրենիքն ու մեր զինվորականության կյանքը պաշտպանելու համար (թշնամու դեմ չօգտագործվեցին նույնիսկ ՀՀ զինանոցում առկա և կործանիչ ուժ ունեցող գերժամանակակից զինատեսակները, զինվորականների զգալի մասին, եթե ոչ՝ բոլորին, չտրամադրեցին անհատական պաշտպանական միջոցներ, զինվորակակններին ուղարկում էին այնպիսի վայրեր, որոնք հարմարեցված չէին թեկուզ և պաշտպանական կռիվներ մղելուն և այլն):

Ընդհակառակը՝ գործող վարչակարգը կարծես թե ամեն ինչ արեց, որ հայկական բանակը կրի առավելագույն կորուստներ, ըստ երևույթին՝ այն բանի համար, որ ոչ միայն ադրբեջանին հանձնված հայկական տարածքները վերադարձնելու մասին հետպատերազմյան շրջանում չմտածենք, այլև անկարող լինենք դիմադրել նրա հետագա ագրեսիվ նկրտումներին և հաշտվենք մեզ պարտադրվող բոլոր նվաստացուցիչ պայմաններին: Արդյոք դա այդպե՞ս է, արդյոք ՀՀ-ի պետական իշխանությունը կրողները շարունակո՞ւմ են թուրքական վարչակարգերի հայասպան ծրագրերը, և եթե՝ այո, ապա՝ ինչո՞ւ, արդյոք դավաճանե՞լ են մեր ժողովրդին, թե՞ անգործունակ ու ապիկար են, թե՞ օտարերկրյա գործակալներ են, թե՞ այլ հանգամանք կա: Կարծում ենք ՀՀ-ում տեղի ունենալիք իշխանափոխությունից հետո հատուկ քննությունը կբացահայտի մեղավորներին ու նրանցից յուրաքանչյուրի մեղավորության աստիճանը և նախապես ստեղծված պատերազմական ժամանակների դատական ատյանների կողմից մեղավորները խստագույնս կպատժվեն:

Արմեն Ասրյան
պատմական գիտությունների թեկնածու

Նմանատիպ նյութեր