211652_close_icon
views-count1735 դիտում article-date 19:12 16-02-2021

Սյունիքի գյուղերը, որոնց վրա այսօր աչք ունի թուրքը, պետք է բնակեցնել արցախցի փախստականներով. Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Սյունիքի 50 գյուղերի բնակիչների պահանջն է՝ այս պահին արցախցի փախստականներին բնակեցնել այդ գյուղերում, որոնց վրա այսօր աչք ունի թուրքը, որպեսզի մենք կարողանանք մեր թիկունքը պահել ապագայում առաջ գնալու համար։ Այսօր փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնելով Սյունիքի տարածքային անվտանգությանը, մարզում առկա խնդիրներին, ինչպես նաև Արցախի հարցին։

«Այսօր Սյունիքում թուրքին դեմ առ դեմ կանգնած են մեր հայրենակիցները, որոնք այս պահին իրենց ուժերով պաշտպանում են մեր սահմանները։ Նաև տրամադրվածություն կա, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և մենք մեր հայրենիքը պիտի ազատագրենք։ Հայաստանում գործում է մի իշխանություն, որը հաշվետու է Ալիեևին։ Ալիեևը ինքը գիտի, որ հարցը լուծված չէ։ Նա և Էրդողանը  շտապում են,  նրանք հենց այնպես չէին զորավարժություններ անցկացնում»,– ասաց նա։

Փոստանջյանը նշեց, որ նոր է վերադարձել Սյունիքից և ընդգծեց, որ սյունեցիների մեջ խուճապ չկա, կա տրամադրվածություն և վրեժի զգացում. «Սյունիքի տարածքներից տարհանելով մարդկանց՝ իշխանությունները խաբելով ասել են, որ նահանջը ժամանակավոր է, և բնակիչները 2–3 օրից վերադառնալու են։ Հակառակ դեպքում՝ մարդիկ կկռվեին։ Ցավը նրանում է, որ մեզ նորից վերադարձրին 90–ականներ, և որ այդ ազատագրված տարածքները ուղղակի հենց այնպես նվիրել են»։

Անդրադառնալով Արցախի հարցի լուծմանը՝ Փոստանջյանը նշեց, որ պետք է չէ այս հարցը դիտարկել որպես առանձին խնդիր։

«Ամենասխալ մոտեցումն է ՝ ինչ–որ մի բան տալ և դրա դիմաց միջազգային ճանաչում ստանալ։ Մենք միջազգայնորեն ճանաչված պետություն ենք այսօր, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Չկա Արցախի հարց, կա ազգային ազատագրական պայքար։ Վերջին համաշխարհային զարգացումները ցույց են տալիս, որ այդ միջազգային իրավունք կոչվածը այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ, արդյունավետ մեխանիզմն այն է, որտեղ կանգնած է քո զորքը։ Եթե ուզում ես ապրել քո պատմական հայրենիքում, դու պետք ունենաս քո ազգային զինված ուժերը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել այս 30 տարիների ընթացքում. անընդհատ հետնահանջ այդ գաղափարախոսությունից»,– ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր