211652_close_icon
views-count1434 դիտում article-date 11:14 16-02-2021

Քծնողների և «քլնգողների» հակադրությունը նոր մակարդակ չի ապահովում․ դհոլների նոր համույթը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե դուք ուզում եք «ջերմաչափել», թե որ ուղղությամբ է գնում այս կամ այն պետությունն ու հասարակությունը, ուշադրություն դարձրեք քծնանքի մակարդակի վրա: Դա լճացման եւ ավտորիտարիզմի ուղղակի եւ աներկբա ցուցիչն է: Կյանքիս առաջին կեսի ընթացքում ես լսում էի «անձամբ Լեոնիդ Իլյիչի» փառաբանումը, երկրորդ կեսին՝ ականատեսն եմ անկախ Հայաստանի 4 ղեկավարների հասցեին նույնատիպ քծնանքի:

Անցած 30 տարիների ընթացքում իշխանությունները չէին դիմանում շողոքորթություններ լսելու գայթակղությանը: Տարիներ առաջ «Հայկական ժամանակը» շատ դիպուկ վերնագիր էր դրել նախագահի նախկին թեկնածուի հերթական ասուլիսին՝ «Չխկըլը-դմբըլ-չխկըլը-դմբըլ»: Այդ վերնագիրն այսօր միանգամայն կիրառելի է ոչ միայն «իմքայլականների», այլեւ բազմաթիվ այլ քաղաքական եւ հասարակական գործիչների ելույթների համար: Անցյալում նույնպես քծնանքը «բացասական երանգներ» ուներ, այսինքն՝ խոսվում էր ոչ թե «թագավորի» բարեմասնությունների, այլ նրա ընդդիմախոսների թերությունների մասին: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին դուր գալու համար պարտադիր էր ինչ-որ վատ բան ասել Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի, «ցրտի-մթի» եւ նման այլ բաների մասին: Այնուամենայնիվ, քծնողները «տեղ ունեին» (գոնե իրենց այդպես էր թվում) փառաբանելու այն պահի իրականությունը եւ «իմաստուն առաջնորդներին»:

Այսօրվա իշխանությունն ընդհանրապես պարծենալու ոչ մի առիթ չունի: Եթե այսօր ասուլիս անցկացվի «100 փաստ Նոր Հայաստանի մասին» թեմայով, ապա դա հասարակության սթափ հատվածի կողմից կընկալվի որպես «սեւ հումոր»: Այդքանով հանդերձ՝ շողոքորթների թիվը ոչ թե քչանում է, այլ՝ ավելանում: Եվ բնական է, որ ներկա իշխանությունների քծնելու միակ ձեւն է մնացել նախորդ իշխանությունների մեղքերի մասին խոսելը: (Մեղքերը մեծ մասամբ իրական են, բայց դրանք, իմ կարծիքով, ներկայիս ողբալի վիճակի արդարացումը չեն): «Դհոլների նոր համույթի» հիմնական երկացանկը հետեւյալն է. «Այսօրվանները վատն են, բայց նրանք, ովքեր հավակնում են իշխանական աթոռներին, ավելի վատն են»:

Դա գուցեեւ ճիշտ է, բայց առանձնապես սփոփիչ չէ, որովհետեւ խորացնում է հասարակական ապատիան եւ նույն լճացումը: Հասարակական միտքն ընկղմվում է «վատերի» ու «ավելի վատերի» համեմատության ճահճի մեջ, ու այլեւս չի փորձում ելքեր փնտրել: Մինչդեռ ելքերի այդ փնտրտուքը պետք է տեղի ունենա ոչ թե «ավելի լավ մարդկանց», այլ ավելի լավ գաղափարների մեջ: «Մենք չենք գտնի խնդիրների լուծումը, եթե մտածենք այնպես, ինչպես այն մարդիկ, որոնք այդ խնդիրները ստեղծել են»,- ասում էր Ալբերտ Էյնշտեյնը: Բայց թե՛ գիտության, թե՛ քաղաքականության մեջ մտածողության նոր մակարդակի վրա բարձրանալը որոշակի խիզախություն է պահանջում: Իսկ քծնողների եւ «քլնգողների» հակադրությունը նոր մակարդակ չի ապահովում:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր