211652_close_icon
views-count17181 դիտում article-date 18:37 10-02-2021

Հայոց բանակի երախտավորները. հրամանատար Վահե Ղահրամանյանն իր տանկով ոչնչացրել է  թշնամու 15-ից ավել  տանկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վահե Կամոյի Ղահրամանյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող. Ծնվել  է  1997  թ.  հունվարի 31-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։   2014 թ.  ավարտել  է  Տիգրան  Մեծ  ռազմամարզական  վարժարանը,  2014 - 2018  թթ.   սովորել  և  ավարտել  է  Վազգեն  Սարգսյանի  անվան  ռազմական համալսարանը։ Համալսարանն ավարտելուց  հետո  ՊԲ   զորամասում    նշանակվել   է  տանկային  դասակի  հրամանատար։ 
Վահեն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի  «Հոգեբանություն»  մասանգիտության  մագիստրանտ  էր  և  շուտով պիտի  ավարտական  թեզ պաշտպաներ: ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը զրուցել է հերոս Վահեի մայրիկի՝ Տիկին Էմմայի հետ: Տիկին Էմման հպարտությամբ է պատմում որդու սխրագործությունների, նրա մարտական բարձր  ոգու մասին:

Վահեն սեպտեմբերի 27-ից  մասնակցել  է  պաշտպանական  շրջանների  մարտական  գործողություններին։  Նրա  մասնակցությամբ  բազմաթիվ   հերոսական   դրվագների  մասին  են  պատմում  նաև  մարտական  ընկերներն  ու  հրամանատարները։  Հոկտեմբերի 3-ի  տվյալներով՝  Վահեն  իր  տանկով  ոչնչացրել է թշնամու՝ 15  և  ավելի  տանկ:  Պատմում  են   նաև,   թե   ինչպես   փոխգնդապետ  Բազիկյանի   մասնակցությամբ   նա   Եղնիկների  ուղղությամբ (7-րդ պ/շ)  1  տանկով  շարքից  հանել  է  մի  քանի  ՀՄՄ  և  հակառակորդի  դիտակետեր։  Հոկտեմբերի  7-ին  կատաղի  մարտեր  են  ընթացել Ֆիզուլի-Ջաբրայիլ  ուղղություններով: 

Առաջին մարտի ժամանակ  Վահեն  հասցրել  է  մարտադաշտից  դուրս  բերել  բազմաթիվ  վիրավոր  և  զոհված  ընկերների:  Նույն  օրը՝  երկրորդ  մարտի  ժամանակ,   20 ժամ  անընդմեջ  եղել է  մարտական գործողությունների  կիզակետում:  Սրանք  ընդամենը   մի  քանի  դրվագ են  մեր  հայորդու  սխրագործություններից։  Ցավոք,   Վահեից դեռևս որևէ լուր չկա:

Կուրսընկերներն անասելի ցավով են խոսում Վահեի բացակայության մասին: Ռայան՝ կուրսի ավագը, պատմում է, որ Վահեն մանկուց ապրել և մեծացել է զինվորական կենսակերպով:

- Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի, հավասարակշռված և նվիրվող երիտասարդ: Չեմ կարող նրա հետ կապված որևէ բացասական դրվագ հիշել: Վահեի բացակայությունը անչափ ծանր է անդրադարձել յուրաքանչյուրիս վրա,- նշում է Ռայան:

Վահե Ղահրամանյանը ներկայացված է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ողջ անձնակազմն իր երախտիքի խոսքն ու աջակցությունն է հայտնում մարտի ընթացքում ընկած բոլոր տղաների ընտանիքներին:
 
Հավերժ փա՛ռք մեր Հերոսներին
Հավերժ փա՛ռք Վահեին
 
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժին

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր