211652_close_icon
views-count1735 դիտում article-date 19:50 05-02-2021

Ռազմական ճամբարներ` դպրոցականների համար. Նոր նախագիծը դրվել է հանրային քննարկման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։ 
Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուներին և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքը և այլ իրավահարաբերություններ: 
Ռազմամարզական ճամբարի նպատակը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների ամրապնդումն է` գործնական ճանապարհով: 
Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Երեաները սովորելու են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական պատրաստություն, կրակային, համազորային կանոնադրություններ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն, անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, հոգեբանական պատրաստություն և գոյատևման հիմունքներ: 
Ճամբարին մասնակցելու են հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանում սովորող պատանիներն ու աղջիկները: Ճամբարը տևելու է 12 օր։ Այն կառուցված է լինելու ՀՀ զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով: 
Ճամբարները ֆինանսավորելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 
Նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ քաղաքացիներն ու շահառու խմբերն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև փետրվարի 25-ը` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 
Դրանից հետո արդեն լրամշակված տարբերակը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Նմանատիպ նյութեր