211652_close_icon
views-count1892 դիտում article-date 13:52 04-02-2021

750 միլիոն դոլարի պարտատոմս է թողարկվել, ամենացածր տոկոսով, ինչը կարևոր ազդակ է մեր տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը նշեց, որ Հայաստանը հաջողությամբ թողարկել է 750 միլիոն դոլարի պարտատոմս: «Թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններում, ամենացածր տոկոսով, ինչը կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել և հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը վկայում է նաև, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թողարկումն ամենևին արտառոց, արտակարգ երևույթ չէ, քանի որ նախատեսված է 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: «Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա»,-ասաց նա և հայտնեց, որ թողարկման տոկոսը 3,8 տոկոս է, և հիշեցրեց, որ 2019 թվականի թողարկումը 4,2 տոկոսով էր, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում և աննախադեպ ցածր տոկոսով էր: Նա հայտնեց, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի պահանջարկ է եղել պարտատոմսերի, բայց այս պահին որոշել են ներգրավել 750 միլիոնը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս քննարկումը հրապարակային առաջարկ չէ ներդրողներն և նախատեսված է իրավական տիրույթում այն կիրառել: «Մենք այսպիսի թողարկում ունեցել ենք մինչև այժմ վարած համապարփակ քաղաքականության արդյունքում, և սա միջազգային գնահատականն է»,- ասաց նա և նշեց, որ թողարկման ժամկետը տասը տարի է, և պայմանները նպաստավոր էին:

Նմանատիպ նյութեր