211652_close_icon
views-count100181 դիտում article-date 13:44 03-02-2021

Արտակարգ դեպք Երևանում․ Սարի-Թաղում հնչել են կրակոցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 17 պարկուճ

Երեկ՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, և դրա արդյունքում վնասվել է «Գազպրոմ Արմենիա»-ի «Երևան ԳԳՄ»-ին պատկանող վերգետնյա գազատար խողովակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևան ԳԳՄ»-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 17 հատ 5․45 տրամաչափի պարկուճներ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է փորձաքննություն։ Գ․Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն գիտեն կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Վնասված վերգետնյա գազատար խողովակը վերանորոգելու նպատակով՝ ողջ գիշեր աշխատել են «Երևան ԳԳՄ»-ի ծառայողները՝ տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ Լևոն Թորգոմյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր