Երկրաշարժի վերաբերյալ իրազեկման միջոցառում է անցկացվել դպրոցականների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գառնու երկրաֆիզիկական դիտարանի 60 մետր խորության վրա գտնվող հատուկ թունելախորշում, որտեղ ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է կայուն 18 աստիճանը, գտնվում է տարածաշրջանում եզակի երկբաղադրիչ կվարցային դեֆորմոգրաֆը, որը ֆիքսում է երկրակեղևի շարժը` որպես հնարավոր երկրաշարժի ազդակ:
Սեյսմիկ ակտիվությանը հետևող դիտարանն այցելուների վերջին կանգառն է՝ երկրաշարժերի ծագմանը, կանխատեսման հնարավորություններին, դրանցից պաշտպանվելու կանոններին տեսականորեն ծանոթանալուց հետո:
Ըստ հետազոտությունների, երկրաշարժի վտանգը հանրապետությունում կազմում է բնական աղետների ընդհանուր վտանգի մոտ 90 %-ը: Թերևս սա է պատճառը, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո որդեգրվել է իրազեկման նոր քաղաքականություն։ Բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարիներ շարունակ ԱԻ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած պարապմունքներին մասնակցում են հասարակության ամենատարբեր խմբեր՝ դպրոցականներից մինչև պետական ծառայողներ:
Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի աշակերտներին ևս սահմանված ծրագրով ներկայացվել է երկրաշարժերի պատմությունը, սեյսմոլոգների կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը և երկրաշարժերի ժամանակ պաշտպանվելու գլխավոր կանոնները: