211652_close_icon
views-count1445 դիտում article-date 16:00 29-01-2021

ՄԻՊ-ը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը: Զեկույցում ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով: Զեկույցում ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն պահանջող տեղեկություններ, որոնց հետազոտության արդյունքները կներառվեն Զեկույցի հետագա թարմացումներում: Զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը: Որոշ զոհերի մարմիններ գտնվել են մահից տևական ժամանակ անց, ինչը պահանջում է խորը մասնագիտական հետազոտություն կոնկրետ դեպքերում մահվան հանգամանքները մանրամասն արձանագրելու և կատարված հանցագործությունների հետքերը բացահայտելու համար, այդուհանդերձ որոշ դեպքերով ներկայացվել են նաև դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացությունները: Զեկույցը թարմացված տարբերակը հասանելի է [url=https://artsakhombuds.am/hy/document/785]այստեղ[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՄԻՊ-ը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ...

Опубликовано Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Пятница, 29 января 2021 г.

Նմանատիպ նյութեր