1201 դիտում
14:25 28-01-2021
Ժողովրդավարական պետության և նրա քաղաքացիների անվտանգությունը երաշխավորող զինված ուժերի վերականգնումը պետության առաջնային խնդիրներից է․ ՀՔԱՎ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձը նշում ենք Զինուժի կազմավորումից ի վեր նրա ամենածանր ժամանակաշրջանում։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ավելի ակնառու դարձրեց զինված ուժերում նախկինում բազմիցս արձանագրված համակարգային խնդիրների չլուծման հետևանքները, բացահայտեց նոր խնդիրներ, որոնք պահանջում են համակարգային մոտեցում և լուծումներ, որոնք վճռորոշ նշանակություն կունենան պետության պաշտպանության համար արդյունավետ գործող զինված ուժերի վերականգնման համար։
Թե ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, բոլորիս է հայտնի, չնայած դեռևս պետք է բացահայտել դրանց հանգեցրած պատճառները ամբողջական և համալիր ուսումնասիրության միջոցով։
Տարիներ շարունակ զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մեր մշտադիտարկումների արդյունքում արձանագրել ենք բազմաթիվ խնդիր, դրանց մասին [url=https://hcav.am/28-01-2020/]պարբերաբար հրապարակել[/url] և փոփոխություններ կատարելու համար առաջարկներ ենք ներկայացրել։
Պատերազմը վեր հանեց ինչպես զինված ուժերի կառավարման, այնպես էլ կազմակերպական խնդիրներ, այդ թվում՝ անհայտ կորածների և նրանց ընտանիքների կարգավիճակի վերաբերյալ հարցեր, զինծառայողների, պատերազմի այլ մասնակիցների իրավունքներին, արժանապատվությանն առնչվող հարցեր, հասարակության հետ հաղորդակցման թերացումներ, ճգնաժամային կառավարման ռազմավարության բացակայություն և այլն։
Խնդիրները շարունակում են բացահայտվել նաև պատերազմական գործողությունների դադարից հետո․ պատշաճ չեն համակարգվում անհայտ կորածների, գերիների, զոհվածների վերաբերյալ տվյալների բազաները, հասկանալի չէ անգամ՝ տվյալների այդպիսի բազաներ կան, թե՝ ոչ։ Համենայն դեպս [url=https://hcav.am/anhayt-korats-21-01-2021/]մեր ստացած տվյալները [/url]այդպիսի պատկերացում կազմելու հնարավորութուն չեն տալիս։
Յուրաքանչյուր ճգնաժամ իր բոլոր կործանարար հետևանքներով նաև նորովի վերագնահատելու, դիրքավորվելու, շտկվելու, բացահայտված, արձանագրված խնդիրներին լուծումներ գտնելու, պատշաճ արձագանք տալու անհրաժեշտություն է ձևակերպում։
ՀՀ զինված ուժերի՝ որպես պետական ինստիտուտի վերականգնման համար կենսական նշանակություն ունեն ինչպես զուտ կազմակերպական, այնպես էլ բարոյահոգեբանական վիճակի վերականգնման ուղղված աշխատանքները։
Ինչպես միշտ, այնպես էլ հիմա առաջնային է զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, նրանց համար արժանապատիվ ծառայության պայմանների ապահովումը, հոգեբանական աջակցությունը հատկապես հետպատերազմական շրջանում, Զինված ուժերի առանձին կառույցների բնականոն աշխատանքի վերականգնումը, տեղեկատվության պատշաճ համակարգումն ու փոխանակումը, հասարակությանը պատշաճ իրազեկումը։ Անհետաձգելի է ռազմագերիների և գերիների վերադարձը, անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների ստացումն ու հարազատներին տրամադրելը։
Զինված ուժերի համար այնպիսի առանցքային խնդիրներ, ինչպիսիք կոռուպցիայի բացառումն է, պրոֆեսիոնալ բանակ ունենալու ուղղությամբ ջանքերի գործադրումն է, զինծառայողների համար, ըստ մասնագիտական գիտելիքների, արժանապատիվ վարձատրություն սահմանելն է, մնում են օրակարգում։
Զինված ուժերը ժողովրդավարական պետության առանցքային կառույցներից է, և այն շարունակում է մնալ այդպիսին հատկապես պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային նոր մարտահրավերներին պատասխանելու, կանխելու տեսանկյունից։
Այս ծանր շրջանում էլ պետության և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովող, առաջնագծում գտնվող զինծառայողներին մաղթում ենք անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ծառայություն, ռազմագերիների օր առաջ վերադարձ իրենց ընտանիքներ, վիրավոր զինծառայողների ապաքինում, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար արժանապատիվ կենսապայմանների ապահովում, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին կամք և ամրություն, Զինված ուժերի՝ որպես անվտանգության երաշխավորի դերի վերականգնում։
Նմանատիպ նյութեր
3242 դիտում
17:45 09-05-2017
ԱՄՆ Զինված ուժերի նախկին դերի վերականգնումը Թրամփը պետք է օգտագործի որպես զսպող գործիք. Կոնդոլիզա Ռայս
3685 դիտում
11:59 21-11-2016
Էներգախնայողությունը ոլորտի առաջնային խնդիրներից մեկն է. Արսեն Հարությունյան
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
511 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ