211652_close_icon
views-count994 դիտում article-date 12:25 28-01-2021

Անվտանգային նոր իրողություններին բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական. ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված գեներալներից, սպաներից ու զինվորներից մինչև աշխարհազորայիններ ու կամավորականներ։ Պատահական չէ, որ այս օրը մասնագիտական տոն լինելուց բացի նաև համապետական և համազգային տոն է մեր հանրային ընկալման մեջ: Այս գիտակցումը առավել ամրացավ վերջին իրադարձությունների բերումով, երբ բոլորս, մեր տեղերում, անդամագրվեցինք Հայրենիքի պաշտպանության գործին՝ առաջնագծից մինչև թիկունք դառնալով Հայոց բանակի մեծ ընտանիքի մի մասնիկը: Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ: Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական, և սրանում մեր բոլորիս անելիքը չափազանց մեծ է: Իհարկե Բանակի օրը տոն լինելուց զատ ունի նաև հիշատակի խորհուրդ, այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք նաև բոլոր այն նվիրյալներին, ովքեր կանգնած էին Հայոց բանակի ստեղծման ակունքներում, նրանց, ում հերոսության, իսկ հաճախ և՝ կյանքի գնով հաղթեցինք ինչպես 1991-1994 թթ. Արցախյան պատերազմում, այնպես էլ դիմակայեցինք վերջին պատերազմական գործողություններում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի առթիվ: Փա՜ռք Հայոց բանակին»,- ասված է ԱԽ քարտուղարի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր