Թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին վարպետության դաս անցկացրեց կրթաթոշակառու Մարի Հակոբյանի եւ ազատ ունկնդիրների համար
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, շարունակում է իր կրթաթոշակառուների ու ազատ ունկնդիրների համար անցկացնել վարպետության դասեր:
Թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին այսօր՝ հունվարի 27-ին, անցկացրեց վարպետության դաս հիմնադրամի կրթաթոշակառու Մարի Հակոբյանի համար:
«Տաղանդավոր երեխաներին աջակցելը հոյակապ գաղափար է: Այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկող հիմնադրամն ու իր կրթաթոշակառուներն ունեն մեծ ապագա: Վարպետության դասի մասնակից Մարին շատ տաղանդավոր է, հաճույքով նրա հետ կրկին վարպետության դաս կանցկացնեի, նա մեծ ապագա ունի»,- ասաց Յաբլոնսկին՝ կարևորելով պատանի կատարողներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գաղափարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ կրթաթոշակառուների եւ ազատ ունկնդիրների համար վարպետության դասեր են անցկացրել դաշնակահարներ Դենիս Կոժուխինը եւ Ֆրեդի Քեմփֆը, ջութակահարներ Զիա Հյունսու Շինը եւ Ստելլա Չենը: