17099 դիտում
10:46 24-01-2021
Քեզ բացակա չենք դնի. Արցախում նահատակված 23-ամյա հերոսի մասին զինվորներն ասում են. «Դու Արագածի նման մեզ եղել ես վահան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում ծնված 23-ամյա Հովհաննես Բեյբությանը դեռ մանկուց գյուղում ու դպրոցում աչքի է ընկել մտավոր եզակի ունակություններով:
Թե՛ դպրոցի կոլեկտիվի, թե՛ ընկերների ու համագյուղացիների կողմից եղել է սիրված ու գնահատված: Դպրոցում տեղի ունեցած ցանկացած միջոցառումների ժամանակ Հովաննեսը առաջիններից էր, որ աչքի էր ընկնում իր տաղանդով:
2014 թ.-ին ավարտել է միջնակարգ կրթությունը և մեկ տարի անց ընդունվել Խաչտուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Իր բնատուր գիտելիքների շնորհիվ անվճար հիմունքներով ձեռք է բերել իրավագետի մասնագիտութուն:
Բազմաթիվ երազանքներ ուներ և այդ երազանքներից մեկն էր նաև գիտական աստիճանավորում ստանալը, ինչը հնարավորություն կտար միջազգային հարթակներում աշխարհի ժոովուրդներին ներկայացնել արցախյան հիմնախնդրի իրավագիտական ասպեկտի հիմնահարցերը:
Հ. Բեյբությանը 2019 թ.-ին ավարտել է բուհը և հնարավորություն է ունեցել կրթությունը շարունակել մագիստրատուրայում, սակայն կայացրել է որոշում՝ ծառայել հայրենիքին, նոր հետո մտածել իր հետագա կրթական առաջընթացի մասին:
Հովհաննեսը իր ծառայության մեկուկես տարին, անցկացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի Ասկերանի զորամասում:
Զինվորները մեծ հպարտությամբ են միշտ խոսել նրա մարդկային արժանիքների, հանուն սահմանների անվտանգության պատրաստ կյանքը զոհաբերելու, բազամթիվ հումորային դրվագներ ունենալու մասին: Արդեն 2019-ի սեպտամբերի 27-ին նշանակվել է զորամասում որպես ջոկի հրամանատար:
Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո նրա միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, Հ. Բեյբությանը իր ջոկի զինվորների հետ ուս-ուսի տված արժանի հակահարված են տվել թշնամուն:
Նրա գրագետ ու ճիշտ հրամանների արդյունքում ջոկը ոչ մի զոհ չի ունեցել: Նրա նշանաբանն է եղել՝ Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Ու այդ ժամանակ անգամ աշխարհի ամենաժամանակակից սպառազինություններով զինված բանակը չի կարող հաղթել հայ զինվորին, հայ սպային, կամավորականին ու աշխարհազորայինին, անգամ այն աղջիկներին ու կանանց, ովքեր նույնպես մարտի էին դուրս եկել նենգ ոսոխի դեմ:
Իզուր չէ, որ նրա ենթակայության տակ գտնվող զինվորները Հովհաննեսի մասին ասում էին. «Նրա կերպարը լրիվ տեղավորվում է Ավետիք Իսահակյանի հայտնի բանաստեղծության տեղերի մեջ՝ Դու, Արագած, ալմաստ վահան կայծակեղեն թրերի և դա զինվորներն ասում էին նրա համար, որ նա միշտ վահան է եղել զինվորին, որ նրա կայծայնային ճիշտ որոշումների արդյունքում ջոկը զոհեր չտվեց:
Ցավոք, 2020-ի հոկտեմբերի 11-ին թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից Կարմիր Շուկայում հերթական մարտական առաջադրանքը կատարելիս Հովհաննեսը մահացու վիրավորում է ստացել:
Մենք երբեք չենք մոռանա նրան: Նրա ու նրա նման բոլոր քաջորդիներին մենք բացակա չենք դնի:
Հովաննեսն ու նրա նման առյուծ ու արծիվ զինվորները նահատակվեցին հայրենիքի պաշտպանության համար: Նահատակվեցին հայ ժողովրդի խաղաղ օրերը ամրապնդելու համար:
Նրանք հաղթեցին, նրանց աչքերում չկար պարտություն, պարտվել է քաղաքական իշխանությունն ու ճողված դիվանագիտությունը:
Կրկին անգամ ասում ենք՝ Մեր գյուղի պարծանք, մեր գյուղի հերոս, քեզ բացակա չենք դնի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+