211652_close_icon
views-count38669 դիտում article-date 10:40 05-02-2022

Քեզ բացակա չենք դնի. Այգևան գյուղի դպրոցում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Վահան Աղախանյանի անվան ռազմագիտության դասարան. դու ապացուցեցիր, որ վահան էիր ոչ միայն գյուղի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 4-ին, Արմավիրի մարզի Այգևան գյուղի Մովսես Խորենացու անվան դպրոցում խոնարհումի ու մեծարման երեկո էր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի Մովսես Խորենացու անվան դպրոցում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, այգևանցի Վահան Աղախանյանի անվան ռազմագիտության դասասենյակ։ 

Միջոցառմանը ներկա էին լեգենդար հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու զինվորական, հյուրեր՝ Երևանից և մարզերից։ 

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ու Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ 

Մինչ իր խոսքով հանդես կգար Արմավիրի մարզպետ Է. Հովհաննիսյանը, դպրոցի սաները կենդանի կատարմամբ հուզեցին ներկաներին։ Նրանք ներկայացրեցին գյուղի համար լեգենդ դարձած Վահանի կյանքը, որից հետո տեղի ունեցավ դասասենյակի բացման արարողությունը; 

Միջոցառումից հետո տեղի ունեցավ այցելություն՝ հերոսի շիրիմին, որտեղ կատարվեց ծաղկեդրում և խնկարկում։ 

Գ. Շամշյանի հետ զրույցում ներկաներն ասում էին. «Մեր Վահանը՝ մեր գյուղի պարծանքը, իսկական պաշտպանիչ վահան էր գյուղի համար։ Մեծի հետ  մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Նա ապացուցեց, որ իր համար հայրենիքի պաշտպանությունը սկսվում է առաջնագծից։ Իզուր չէ, որ գյուղում նրան ասում էին՝ «Վահան, դու վահան ես կարիքավորին, դու վահան ես անօգնականին», ու նա վահան դարձավ նաև թուրք-ադրբեջանական, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարում մարտնչող իր նման զինակից տղերքին։ Մենք երբեք Վահանին ու նրան նման հերոս տղերքին բացակա չենք դնի։ Նրանք՝ հանուն Հայաստանի ու Արցախի, նվիրաբերեցին իրենց համար ամենաթանկը՝ իրենց՝ Աստծո կողմից պարգևած կյանքը։ Ուրախ ենք, որ  այսուհետ մեր դպրոցի ռազմագիտության դասասենյակը կրելու է նրա անունը։ Իսկ դասասենյակում նրա անվամբ բացված փառքի սրահը մեզ համար դառնալու է թանգարան, ու ամեն անգամ մտնելով դասարան՝ ասելու ենք՝ Քեզ բացակա չենք դնի»։

Վահան Արմենի Աղախանյանը ծնվել է դեկտեմբերի 2000թ. 15 ին, Արմավիրի մարզի Այգևան գյուղում։ 2006 թ. ընդունվել է տեղի դպրոցը, սովորել գերազանց։ Ավարտելով դպրոցը՝ մինչև բանակ զորակոչվելը, ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։

Վահանը, լինելով իրենց տան միակ ցավակը, 2019թ. զորակոչվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի զորամաս: Ծառայության անցնելով՝ ցուցաբերել է բարձր զինվորական առաջադիմություն և ծնողներին ուրախացրել է իր «Լավագույն Մարտիկ» շնորհակալագրերով։

44-օրյա պատերազմի օրերին Վահանը գրեթե ամեն օր զանգում էր ծնողներին, սակայն պատերազմի մասին՝ ոչ մի խոսք։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 12-ին։ Վահանը, ոչնչացնելով թշնամու մեծաքանակ ուժեր, զոհվել է հոկտեմբերի 13-ին թշնամու ԱԹՍ-ի հարվածից։

Ի պատիվ Վահանի՝ նրա անունով է կոչվել իր իսկ դպրոցի պուրակը և փողոցի անունը՝ «Վահան Աղախանյանի փողոց»։

Վահանը ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 426+
426+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր