211652_close_icon
views-count2414 դիտում article-date 19:11 15-01-2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների կլոր սեղանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին, որի շրջանակում ընդունվել է Եվրոպական մարզական խարտիայի լրամշակված տարբերակը: Առցանց միջոցառմանը մասնակցել են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (Enlarged Partial Agreement on Sport՝ EPAS) անդամ երկրների ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձինք և միջազգային մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանը նախագահել և ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լեֆտերիս Ավգենակիսը: Այնուհետև ելույթ են ունեցել EPAS-ի անդամ երկրների պատվիրակության ղեկավարները: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով EPAS-ի հանձնառությունն ու կամքը միջազգային համագործակցությունը խթանելու գործում, վերահաստատել է այն փաստը, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի 2030-ի կայուն զարգացման օրակարգի իրագործմանը և ընդունում է արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը` որպես զարգացման և խաղաղության կարևոր խթանիչ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի մարզական քաղաքականության հիմնական գերակայությունները և կատարած աշխատանքները. «Որպես սպորտի ոլորտի պատասխանատու՝ մենք 2019 թվականին փոփոխություններ և լրացումներ ենք կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում՝ առավելապես ուշադրություն դարձնելով ներառական սպորտի, հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով անձանց, կանանց ինտեգրման, մարզիկների իրավունքների պաշտպանության, հանրային առողջության հարցերին: Ներկայումս մշակվում է սպորտի զարգացման պետական ռազմավարությունը՝ 2021-2025 տարվա գործողությունների ծրագրով հանդերձ: Մենք կարևորում ենք բազմակողմ համագործակցությունը, այդ պատճառով բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մասնակցում են սպորտում քաղաքականության բարեփոխումների մշակմանը: Եվրոպական մարզական խարտիայում շարադրված սկզբունքները մեր կողմից լրջորեն դիտարկվում են որպես սպորտի ռազմավարության մշակման ուղենիշային սկզբունքներ»: Նախարար Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել և իրականացնում է սպորտի զարգացմանը միտված մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք ընդգրկում են ՀՀ բնակչության բոլոր տարիքային խմբերը՝ նախադպրոցական հասակի երեխաներից մինչև տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Ելույթի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Եվրոպայում հաղթահարել COVID-19-ի համավարակով պայմանավորված ոլորտի մարտահրավերները: Նշենք, որ կլոր սեղանին նախորդել են առցանց նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են Եվրոպական մարզական խարտիայի՝ որպես ԵԽ անդամ երկրների համար սպորտի ոլորտում քաղաքականությունների մշակման առանցքային փաստաթղթի վերանայման հարցերը: Այդ շրջանակում դիտարկվել են մի շարք խնդիրներ՝ սպորտում մարդու իրավունքների պաշտպանությունը, մարզիկների իրավունքների պաշտպանությունը, մարզական կառույցների կողմից արդյունավետ կառավարման սկզբունքների որդեգրումը, սպորտային շարժումների միջև համերաշխության ամրապնդումը և այլն: Քննարկումներին Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հավելենք նաև, որ Հայաստանը 2008 թվականից անդամակցում է Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին, որը վերահսկողություն է իրականացնում համաձայնագրի մասնակից պետություններում Եվրոպական մարզական խարտիայի և Սպորտային էթիկայի օրենսգրքի կիրառման նկատմամբ: Համաձայնագիրն ապահովում է մասնակից պետություններում և նրանց միջև մարզական քաղաքականությունների ու չափանիշների ներդաշնակեցումը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առաջարկություններ ներկայացնել միջազգային սպորտում արդիական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քաղաքականության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր