2,4 մլն եվրո. ԵԽԽՎ նախկին պատգամավորն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
Եվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այս մասին հայտնում է [url=https://milano.repubblica.it/cronaca/2021/01/11/news/tangenti_dall_azerbaijan_quattro_anni_all_ex_deputato_udc_volonte_-282119486/]La Repubblica[/url]-ն՝ նշելով, որ վճիռն ընդունել է Միլանի դատարանը:
Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը 2016 թ. փետրվարին քրեական գործ էին հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, որը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է:
Վոլոնտեն մեղադրվում էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու համար: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում: Գումարը նրան էր փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել էր Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:
Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ուներ երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: