211652_close_icon
views-count3673 դիտում article-date 11:12 01-01-2021

Վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ, պատրաստ եմ ձեզ հետ անցնել ճանապարհը, որով տեր կկանգնենք մեր երկրին, արժեքներին, արժանապատվությանը․ Վազգեն Մանուկյանի Ամանորի ուղերձը

Դժվար, դաժան էր 2020 թվականը, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ: Այս մասին Ամանորի իր ուղերձում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա նշել է, որ մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է, մենք կորցրել ենք անկախ պետականության մեր ամենամեծ նվաճումը, մեր հավաքական երազանքը՝ արցախյան հաղթանակը: «Այսօր ապահովված չեն անգամ ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը, պատերազմը հնարավոր էր կանխել, պատերազմական գործողությունների ավարտն էլ այս տեսքը չէր ունենա, եթե սխալ ու կասկածելի որոշումներ չընդունվեին, տեղի ունեցածը դավաճանության, անգրագիտության, ստի և կեղծիքի հետևանքներն են: Դա փոքր մարդու մեծ վրեժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանում այսօր անիշխանություն է և պետական կառավարման ճգնաժամ: Վազգեն Մանուկյանը նկատել է, որ 2020 թվականը ողբերգության, բայց նաև հերոսության տարի էր, ապա ավելացրել է, որ խոնարհվում է մարտերում զոհված մեր քաջերի հիշատակի առաջ, ցավակցում հարազատներին, համբերություն և տոկունություն մաղթում և նաև կորոնավիրուսից մահացած քաղաքացիների ընտանիքներին ևս ցավակցություն հայտնեց: «2021 թվականին հսկայական անելիքներ ունենք, պետք է ապահովենք արժանապատիվ խաղաղություն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայությանը, տեր կանգնենք Հայաստանի սահմաններին, թույլ չտանք սոցիալ-տնտեսական կոլապս, ներդրումներ բերենք, վերացնենք, թույնի և ատելության ներքին մթնոլորտը: Ամենակարևորը՝ հայության մոտ վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ: Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տեր կկանգնենք մեր երկրին, արժեքներին, արժանապատվությանը, ես հավատում եմ Արցախի և Հայաստանի վերականգնմանը, վերածնունդին»-ասաց նա: Մանրամասները տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր