2021 թվականը կդառնա համավարակի հետևանքներից ապաքինման տարի․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Հաջորդ տարին մարդկությունը պետք է նվիրի կորոնավիրուսի համավարկի հաղթահարմանը և դրա հետեւանքներից ապաքինմանը: Այդ մասին ասված է գալիք Ամանորի առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ դեկտեմբերի 29-ին տարածված տեսաուղերձում:
«Եկեք բոլորս միասին հաշտվենք միմյանց և բնության հետ, հաղթահարենք կլիմայական ճգնաժամը, դադարեցենք COVID-19-ի տարածումը և 2021 թվականը դարձնենք առողջացման տարի,- նշել է նա:- Մահաբեր վիրուսի հետևանքներից ապաքինման: Քայքայված տնտեսության և հասարակության ապաքինման: Տարանջատումների վերացման: Եվ մեր մոլորակի ապաքինման գործողությունների սկզբի տարի»: «Սա պետք է լինի 2021 թվականի մեր ամանորյա խոստումը»,- համոզված է Գուտերիշը: Միավորված ազգերի կազմակերպության անունից նա բոլորին մաղթել է «երջանիկ եւ խաղաղ Նոր տարի»:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 80,8 միլիոն մարդ, ավելի քան 1,7 միլիոնը մահացել է: