211652_close_icon
views-count2588 դիտում article-date 14:27 26-12-2020

Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆոռնիայում գտնվող կալվածքը վաճառվել է

Կալֆոռնիայում՝ Սանտա-Բարբարա քաղաքի մոտակայքում գտնվող Neverland Ranch կալվածքը, որը պատկանում էր փոփ արքա Մայքլ Ջեքսոնին, նոր սեփականատեր ունի: Գնորդը դարձել է միլիարդատեր Ռոն Բարքլը: Նա հայտնել է, որ կալվածքը գնել է ներդրումների նպատակով: [url=https://www.golosameriki.com/a/neverland-sold-out/5713750.html]«Ամերիկայի ձայն»[/url]-ը, հղում կատարելով The Wall Street Journal-ին, հայտնում է, որ 10 տարի առաջ մահացած Ջեքսոնի նախկին տունը և հողատարածքը միասին, 1,1 հազար հեկտար տարածքով, վաճառվել են 22 մլն դոլարով: 2016 թվականին այդ կալվածքի համար պահանջում էին 100 մլն դոլար, 2018-ին՝ 67 մլն: Ջեքսոնն այն ձեռք էր բերել 1988 թվականին 19.5 միլիոնով: Neverland Ranch-ը փոփ արքայի սիրելի վայրերից էր: Այստեղ նա ընդունում էր երեխաներին, այդ թվում նրանց, որոնց նկատմամբ սեռական ոտնձգության գործով մեղադրանք էր առաջադրվել Մայքլ Ջեքսոնին: 2005 թվականին ընթացած դատական գործընթացի արդյունքում Մայքլ Ջեքսոնն արդարացվել էր: Դրանից հետո Մայքլ Ջեքսոնը երդվել էր այլևս չվերադառնալ այդ առանձնատուն: Արդյունքում, կալվածքն անվանափոխվել է՝ դառնալով Sycamore Valley Ranch: Անշարժ գույքի տարածքում կան մի քանի շենքեր, 50 տեղանոց կինոթատրոն, պարային ստուդիա, կենդանաբանական այգի, երկաթուղի և այլն: Գնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործարքն իրականացվել է ներդրումային նպատակներով:

Նմանատիպ նյութեր