«Նախկինները» ձեզ ժառանգեցին երկու հայկական պետություն, մարտունակ բանակ, արժանապատիվ կեցվածքով Սփյուռք, իսկ դուք չքնաղ Արցախը տվեցիք թուրքին. Ժիրայր Դադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/12/25/Dadasyan/3482308?fbclid=IwAR3kqWhmHz1fiGnV0ecv07cNorLDkyYGsPQFupPGW78daanOxfNSwIUztrE]tert.am[/url]-ը գրում է. Շատերը մակերեսայնորեն են դիտարկում Արցախի խնդիրը, կարծես խաչբառ լուծեն, քչերն են հասկանում, օրինակ, Շուշիի իրական արժեքը, երբ Շուշիի վերածննդի հիմնադրամով այնքան բան արեցինք այդ քաղաքի համար, այն կառուցվել ու փայլում էր․ այդքա՜ն թանգարան, որ Շուշիում կար, ի վերջո՝ Շուշին 19-րդ դարավերջից հայկական մտավորականության կենտրոնն էր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:
«Ես ժողովուրդ բառն այլևս չէի օգտագործել, քանի որ արմատը ժողովն է, կասեմ հայրենակից, արմատը հայրենիքն է։ Հայրենակիցն իր ներսում հայրենիք պահողն է։ 2,5 տարում խոշորացույցով փորձում էի տեսնել՝ այս իշխանության մեջ կա՞ արդյոք մեկը, որն իր ներսում հայրենիք ունի։ Երբ այսօր ասում են՝ Արցախի հարցեր են քննարկվել, զարմանում եմ՝ ի՞նչ Արցախ, դուք կորցրել եք Արցախը, և պետք է այնպես անեք, որ մենք վերադարձնենք, ընդ որում՝ ոչ թե ԼՂԻՄ-ը, այլ այն, ինչ ունեինք մինչև սեպտեմբերի 27-ը»,- ասել է արվեստագետը:
Ըստ Դադասյանի՝ վիրավորական է, երբ երկրի ղեկավարն ասում է՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, այն դեպքում, երբ այնտեղ Ծիծեռնավանքն ու Դադիվանքն են, որոնք մեր հայրենիքն են. «ՀՀ ղեկավարը Ծիծեռնավանքն անվանում է Ադրբեջան։ Այլ խնդիր է, թե բոլշևիկներն ինչպես են սահմանը գծել։ Դա նույնն է, թե ասենք՝ Արևմտյան Հայաստան չկա, դա Թուրքիա է։ Այս մարդիկ հայրենիք չունեն։ Մեր երկրում որևէ ղեկավար չի եղել, որ այսքան նվազ նշանակություն տա իր բառապաշարին, ծանրութեթև չանի՝ ինչ է ասում։ Այս աղետը կհասնի նաև այն մարդկանց, որոնք այսօր չեն գիտակցում իրավիճակը, աղետի ծայրը չի երևում»:
Մտավորականի կարծիքով՝ մեզնից խլել են Մայիսի 9-ի, Հունվարի 28-ի տոները, և ուրախալի է, որ եկեղեցին արձագանքում է իրավիճակին, ինչպես մեր պատմության բոլոր ճգնաժամային իրավիճակներում՝ պետականության գործառույթը վերցնելով իր վրա. «Այս ամբողջ ընթացքում առաջին անգամ եկեղեցին այսքան սուր արձագանքեց։ Երբ երկու կաթողիկոսն են խոսում, էլ քննարկման թեմա չի մնում, եկեղեցու ասածն էլ բանի տեղ չեք դնո՞ւմ։ Գերիների և անհետ կորածների ծնողներն ասում են՝ հանրահավաք մի արեք, որ մեր տղաներին վերադարձնենք։ Ո՞վ է նրանց նման բան ասել։ Սա մշակված օրակարգ է, որն իշխանությունը նետում է դաշտ, իսկ այդ ընթացքում մենք հայրենիքը շարունակաբար կորցնում ենք»:
Ժիրայր Դադասյանի պնդմամբ՝ այս իշխանությունը չի կարող գերիների և անհետ կորածների վերադարձի հարցը լուծել. «Հետպատերազմյան 45 օրերին Տիգրան Ավինյանը պետք է նստած լիներ Ստեփանակերտում, գերիների ու անհետ կորածների խնդրով պետք է զբաղվեր։ Շուտով թուրքերը հասնելու են Երևան։ Մենք պետք է սահմանը գծենք մեր հոգու սահմանին համահունչ, ոչ թե GPS-ով։ Դելիմիտացիան պետք է արվի միջազգային պայմանագրերով։ Արցախում ունեինք անվտանգության գոտի, հիմա ճանապարհի մի կողմում իրենք են, մյուսում՝ մենք»:
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պնդմամբ՝ 2018-ին ունեինք երկու հայկական պետություն, մարտունակ բանակ, արժանապատիվ կեցվածքով Սփյուռք: «Նախկինները ձեզ այս ամենը ժառանգել էին, իսկ դուք Արցախի նման չքնաղ երկիրը տվեցիք թուրքին։ Ի տարբերություն ձեզ՝ նախկինները հայրենասեր և պետություն կառավարող ղեկավարներ էին, որոնք ոչ միայն պատերազմում հաղթեցին, այլև պահեցին Արցախը և զարգացրին Հայաստանը»,- ամփոփել է Ժիրայր Դադասյանը: