«Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը». Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին անդրադարձել է Փաշինյանի և Տոնոյանի հայտարարություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019թ. ի վեր ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/18/aliyev/3475111?fbclid=IwAR1YiM8rb4BSAkrAbM6buY4goKlj9b71cc3YFgOF145Z_kTtnYNVxmoFV48]Tert.am[/url]-ը։
Իր ելույթում Ալիևը մասնավորապես անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ վերհիշելով վերջինիս «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը:
«ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, այցով գտնվելով ԱՄՆ-ում, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այս հայտարարությունը բացահայտում է հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության էությունը:
Ալիևի խոսքերով՝ հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում:
Բացի այդ, Ադրբեջանի նախագահն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. Լեռնային Ղարաբաղում արված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը` ընդգծելով, որ այդ սադրիչ թեզն ուղղված էր բանակցային գործընթացի տապալմանը:
«Այս ամենը վկայում է, որ Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը»,-նշել է Ալիևը: