211652_close_icon
views-count9631 դիտում article-date 21:08 16-12-2020

Մենք մեր քաղաքացիներին վերադարձնելու համար կայացրել ենք նման ծանր որոշում. Փաշինյանը՝ դիվերսանտներին Բաքվին տալու մասին

[url=https://news.am/arm/news/619337.html?fbclid=IwAR0XDcYtSHNknkrXXgyVBOoJQqjovQ08-2ZyfZ15qme1MPeav2SnQPFKAkE]News.am[/url]-ը գրում է. Արդեն ասվել է, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը բոլորի հետ». ես կարծում եմ, որ ստեղծված իրադրության մեջ դա ճիշտ որոշում էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ շատերն անընդունելի են համարում, որ Հայաստանը 44 հայ գերիների դիմաց Ադրբեջանին է փոխանցել նաեւ երկու դիվերսանտներին, որոնք հայ երեխայի էին սպանել: «Ես նաեւ երեկ անհետ կորածների եւ ենթադրվող գերեվարված մեր զինվորների հարազատների հետ հանդիպմանը պարզաբանել եմ, որ այդ որոշման արդյունքում Հայաստան վերադարձվեցին նաեւ մեր այն քաղաքացիները, որոնք Ադրբեջանում էլի դատավճռով դատապարտված էին: Այլ հարց է, թե ով որքանով էր արդար դատապարտված, բայց մենք մեր քաղաքացիներին վերադարձնելու համար կայացրել ենք այդպիսի ծանր որոշում: Այդ որոշումը կայացվել է հետագայում գերեվարված անձանց հաստատված դեպքերի շուրջ ավելի արագ եւ ավելի արդյունավետ համաձայնություններ ձեռք բերելու համար»,-ասաց նա: Հարցին, թե մենք գիտե՞նք, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում եւ կա՞ համոզմունք, որ բոլորին հետ կբերենք, Փաշինյանը հստակ թիվ չնշեց՝ ասելով. «Մենք ունենք հաստատված դեպքեր եւ հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի շուրջ կա պայմանավորվածություն: Եվ մենք ունենք տեղեկատվություն մեր զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, որոնք կարող են գերեվարված լինել: Իմիջիայլոց, այդ որոշումը կայացրել եմ, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ կենտրոնանալ չհաստատված դեպքերի շուրջ հետաքննություն, տեղեկատվության հվաքագրում իրականացնելու վրա, կենտրոնանալ մարմինները դուրս բերելու ցավալի, բայց անհրաժեշտ գործընթցի վրա, նաեւ կենտրոնանալ այն հնարավոր դեպքերի լուծման վրա, երբ կարող են թիկունքում լինել մեր զինվորների խմբեր, որոնք պատսպարված են անտառներում կամ որեւէ տեղ: Որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կերպով լուծել հարցերը, մենք պետք է այդ հարցերի շրջանակը հնարավորինս նեղացնենք, այսինքն լուծումներ տալով գնանք առաջ, որպեսզի ավելի մեծ եռանդ կարողանանք կենտրոնացնել դեռեւս չլուծված հարցերի վրա»: Փաշինյանը հավելեց, որ հաստատված դեպքերի փոխանակումն արդեն ավարտում են եւ հիմա պետք է շարունակել պրոցեսը չհաստատված դեպքերի շուրջ:

Նմանատիպ նյութեր