211652_close_icon
views-count1774 դիտում article-date 17:46 15-12-2020

Հայաստանի ըմբիշները հաջող հանդես եկան Աշխարհի գավաթում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։ Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել է 10 ըմբիշ։ Երեկ հայտնի դարձան քաշային հինգ կարգերի մրցանակակիրները։ Մեր պատվիրակներից առավել վստահ հանդես եկավ Մալխաս Ամոյանը / 72 կգ /։ Նա իր անվանի հորեղբոր՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի հաղթող և մրցանակակիր Ռոման Ամոյանի օրինակով դրսևորեց մարտունակություն, հաղթելու անկոտրում կամք և վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ։ Ոսկե պարգևի համար պայքարում նրա մրցակիցը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բազմափորձ , հունգարացի 33 –ամյա Բալինտ Կուրպաշն էր։ Մեր ըմբիշը բնավ չվհատվեց հեղինակությունից ու կրկին աչքի ընկավ հաղթանակի հասնելու մեծ ձգտումով։ Երևանցին կարող էր նույնիսկ իր օգտին խոշոր հաշվով հաղթանակ գրանցել։ Բայց, ինչպես ասաց դինամոյականի անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանը, իր սանը մրցափորձի պակասի զոհ դարձավ և թույլ տված տակտիկական սխալը նրան զրկեց պատվանդանի վերին աստիճանին կանգնելու հնարավորությունից։ Փույթ չէ, քանզի արծաթն էլ ազնիվ մետաղ է ու այդ առթիվ շնորհավորում և հետագա հաղթանակներ ենք ակնկալում երևանցի շնորհալի երիտասարդ վարպետից։ Արժանին պետք է մատուցել նաև բրոնզե մեդալով հայրենիք վերադարձող Սլավիկ Գալստյանին / 67 կգ /։ Ուզում ենք հավատալ , որ վաստակաշատ մասնագետ Մարտին Ալիխանյանի երևանցի սանը նույնպես կզարգացնի հաջողությունները և կարդարացնի մարզասերների սպասելիքները։ Այսօր հայտնի կդառնան նաև հաջորդ հինգ քաշային կարգերի մեդալակիրները։ Մեր ըմբիշներից երրորդ տեղի համար կպայքարեն գյումրեցի անվանի Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / և երևանցի գերծանրքաշային Դավիթ Օվասապյանը։

Նմանատիպ նյութեր