Հայրենիք են վերադարձել ինչպես պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք. Արտակ Զեյնալյան
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը:
Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- ասված է գրառման մեջ: