211652_close_icon
views-count1109 դիտում article-date 23:18 11-12-2020

ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում եւ շնորհակալություն է հայտնել մեր երկրում թագավարակով պայմանավորված ճգնաժամի, ինչպես նաեւ Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում եւ հետո ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է: Այս համատեքստում նա կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը: Խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է Հայաստանի համար առաջնային դարձած խնդրի՝ գերիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցում ՄԱԿ-ի գործուն մասնակցությունը: Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդրի առնչությամբ Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել դրանց նկատմամբ իրականացվող վանդալիզմի դեմ պայքարը՝ հույս հայտնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես ջանքեր կգործադրի պատմամշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է նաեւ կառույցի դերը հետպատերազմական իրավիճակը կարգավորելու գործընթացներում: Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը փորձում է հնարավորինս օգտակար լինել Հայաստանի համար ստեղծված դժվարին ժամանակների համար: Նա տեղեկացրել է, որ կառույցը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում: Շոմբի Շարփն անդրադարձել է մարդու իրավունքների խախտմանը, ապօրենի զենքի եւ կասետային ռումբերի օգտագործմանն ու դրանց վերաբերյալ իրականացվող փաստահավաք աշխատանքներին, Արցախին ցուցաբերվող մարդասիրական առաքելությանը: Մշտական համակարգողի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստվում է շարունակել իր առաքելությունը՝ հակամարտությունից տուժված անձանց մարդասիրական օգնություն ցույց տալու համար: Շոմբի Շարփը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության խորացումը ընդգծելով փոխգործակցության առանցքային նշանակությունը:

Նմանատիպ նյութեր