9467 դիտում
10:53 08-12-2020
Ենթադրում եմ, որ 1 ամսից վարչապետը կդիմի «հպարտ քաղաքացիներին» և կշնորհավորի բոլորիս Նոր տարին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարականով այն ավերածությունները, այն կորուստները, այն աղետը, որոնք տեղի են ունեցել նրա պատճառով, չեն վերանա: Մեզ տարիներ, գուցե տասնամյակներ են պետք լինելու՝ քիչ թե շատ նորմալ, ապահով կյանքին վերադառնալու համար: Միակ հարցը, որը կարող է լուծել վարչապետի հրաժարականը, որոշակի կայունության ապահովումն է, բզկտված հասարակությունը հանդարտեցնելն է, ազգային համերաշխություն ապահովելն է, ինչն, իհարկե, շատ կարևոր է:
Խնդիրն այն է, որ ներկայիս վարչապետի՝ իր պաշտոնում մնալու ամեն մի րոպեն, նրա արտասանած ամեն մի բառը, նրա հանդիպման պաշտոնական հաղորդագրության ամեն մի մեջբերումը, անկախ բովանդակությունից, շատերի կողմից ընկալվում է որպես վիրավորանք, որպես անարգանք հազարավոր զոհերի հիշատակին, ցինիկ վերաբերմունք տասնյակ հազարավոր տառապյալ մարդկանց հանդեպ: Կործանել երկիրը և ժողովրդին, իսկ հետո ինչ-որ ճիշտ կամ սխալ բառե՞ր ասել․․․ Ես չգիտեմ, թե մեր հասարակության ո՞ր տոկոսն է այդպես մտածում, գուցե 20, գուցե 50, բայց դա, իմ կարծիքով, արժանապատվության, պարկեշտության խնդիր է:
Ինձ չեն հետաքրքրում իշխանությունն ու ընդդիմությունը, նրանց քաղաքական պայքարը՝ մանավանդ, որ տեսնում եմ, թե ինչպես են ստեղծված վիճակը «նախկինները» փորձում օգտագործել ռևանշի հասնելու համար: Խոսում են անգամ Քոչարյանի վերադարձի մասին. ինչ խոսք, հրաշալի հեռանկար է՝ էգոցենտրիկ, ինքնասիրահարված մի խելագարին մյուսով փոխարինելը: Բայց այդ ամենն ընթացիկ քաղաքականություն է:
Ինձ հետաքրքիր է հասարակությունը և տվյալ դեպքում՝ այն, ինչ կոչվում է «էմոցիոնալ ինտելեկտ», այլ կերպ ասած՝ կարեկցելու, ուրիշի ցավը կիսելու, ուրիշի տառապանքը զգալու ունակությունը: Այդ առումով մեր իշխանավորները, վարչապետի գլխավորությամբ, բացարձակապես անհաղորդ են, կույր են և խուլ, թե չէ վաղուց մանդատներից և պաշտոններից կհրաժարվեին՝ կհասկանային, որ իրենց արտասանած ամեն մի բառ բորբոքում է մարդկանց վերքերը: Իսկ մեր հասարակությո՞ւնը՝ այդ հարցում էլ որոշակի կասկածներ ունեմ: Այստեղ չկա ներքին համաձայնություն, բևեռացվածության աստիճանը բարձր է:
Միասնականության, համերաշխության, համատեղ ուժերով ոտքի կանգնելու, առողջ քննարկման և երկխոսության կոչերը, որոնք հնչում են իշխանական ճամբարից, լուրջ չեն ընկալվում: 2,5 տարում «Իմ քայլի» պատգամավորներից որևէ մեկը երբևէ հրապարակավ չի հակադրվել «շնաբարո դուրսպրծուկներ», «պատերի տակ վնգստացողներ» արտահայտություններին, «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» սպառնալիքներին և նման ոճով մի քանի տասնյակ այլ արտահայտություններին, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով հնչում էին վարչապետի «լայվերի» ժամանակ: Նրանց երևի թվում էր, որ դրանցով երկրպագուների նոր բանակ են նվաճում և ամրապնդում են իշխանությունը: Իրականում դա ամեն օր չարության, ատելության բաժինն ավելացնելու և հասարակությունը ներսից պայթեցնելու գործընթաց էր: Հիմա նրանց իսկ ստեղծած բաժանարար գծերը հաղթահարելու համար առնվազն պետք է ասեն, որ այս «ծեփելն» ու «փռելը» սխալ էր: Այդ դեպքում «իմքայլականները», կարծում եմ, կարող են, եթե ուզում են, շարունակել իրենց քաղաքական գործունեությունը:
Բայց՝ առանց Փաշինյանի: Բայց քանի որ հավատս չի գալիս, որ նա կգնա, ապա ենթադրում եմ, որ մեկ ամսից վարչապետը կդիմի «հպարտ քաղաքացիներին» և կշնորհավորի բոլորիս Նոր տարին՝ խոստանալով պայծառ ապագա՝ իր հմուտ ղեկավարությամբ: Քաղաքացիների զգալի մասն այս ցինիզմը կուլ կտա և կկենտրոնանա բուդ ուտելու վրա»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4184 դիտում
15:05 31-08-2017
1 ամսից լրանում է Կարեն Կարապետյանի կառավարության 1 տարին. վարչապետը հանձնարարել է հաշվետվություն ներկայացնել
1360 դիտում
20:43 04-03-2016
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Կանանց միջազգային օրվա առթիվ կշնորհավորի բոլոր կանանց
Այս բաժնից
1048 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1666 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»