211652_close_icon
views-count1683 դիտում article-date 18:44 06-12-2020

Լեռնային Ղարաբաղում առ այսօր ականազերծվել է 61 հեկտար տարածք, անհայտ կորածների մասին ստացվել է շուրջ 250 զանգ. Tert.am

Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկության հավաքման նպատակով ստեղծված թեժ գծին շուրջ 250 հեռախոսազանգ է ստացվել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, ռուս խաղաղապահներն ավելի քան 1900 հանդիպում են իրականացրել՝ տվյալներ պարզելու համար: «Թեժ գծի աշխատանքի մեկնարկից ի վեր 248 հեռախոսային դիմում է ստացվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկությունների ճշտման նպատակով ռուս խաղաղապահ ուժերի սպաները 1936 հանդիպում են իրականացրել քաղաքացիների հետ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերջին մեկ օրում ավելի քան 1300 փախստական է վերադարձել իրենց նախկին բնակության վայր: Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղ վերադարձած մարդկանց թիվը հասել է 33 235-ի: Բացի այդ, նշվում է, որ մեկ օրում ինժեներական հետախուզություն և տեղանքի ականազերծում է իրականացվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի էլեկտրահաղորդման գծերի աշտարակների երկայնքով: «Մաքրվել է 3.4 հեկտար տարածք և 2.2 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 96 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների ընթացքում մաքրվել է 61.27 հեկտար տարածք, 20.8 կմ ճանապարհ, 108 շինություն և և 4 սոցիալական նշանակության կառույց, հայտնաբերվել է 1251 պայթուցիկ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, ռուս խաղաղապահների առակցությամբ մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը, իսկ ՌԴ ՊՆ ռազմական հիվանդանոցի արտագնա հաշվարկը խորհրդատվություններ է կազմակերպում տեղի բնակչության համար: Երկրորդ հիվանդանոցն աշխատում է Մարտակերտում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/06/peacekeepers/3462978]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր