Անվտանգային համակարգի հայկական լուծումը միկրո հարթությունն է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հեշտ ճանապարհը հաղթողի համար չէ, այն իրականում ճանապարհ էլ չէ, այլ աշխատանք, ամենօրյա տքնաջան, կենտրոնացած աշխատանք։ Ի վերջո, հաղթանակը վերջնանպատակ չէ, այլ սկզբնակետ, որից հետո պետք է սկսվի հետագա անկումներից զերծ մնալու եւ փորձությունների թակարդը չընկնելու համար հավերժական պայքարը։ Ինչպես արեւը չի «հոգնում», երբ «ստիպված» է լինում ամեն անգամ խավարը ճեղքելով լուսավորել Երկիրը, այնպես էլ մենք պետք է մեր օրը սկսենք ապրելու եւ արարելու անբեկանելի ցանկությամբ։
Այսօր մեր առջեւ դրված է առանցքային հարց, ինչպես ապահովել ազգի ու պետության անվտանգ գոյությունը եւ նախադրյալներ ստեղծել կայուն զարգացման համար։ Դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է անառիկ ամրոց դարձնել Հայաստանը։ Այս պարագայում ամրոցը հեռու է միջնադարյան կառույցի ֆիզիկական բնութագրից, այլ գերազանցապես հոգեւոր եւ տեխնոլոգիական անառիկություն է ենթադրում։ Մեր երկրի սահմանների պաշտպանությունը պետք է ոչ միայն վերեւ ուղղվի, այլեւ դեպի ներքեւ՝ ստորգետնյա հարթություններ։ Երբ պատերազմների ժամանակ օդային տարածքը եւ ճանապարհներն անվտանգ չեն լինում, ապա պետք է ունենանք այլընտրանքային կապուղիներ՝ ստորգետնյա։
Մյուս ուղղությունն այնպիսի ոլորտների զարգացումն է, որոնք հիմնականում պայմանավորված չեն բնակչության քանակով, երկրի տարածքի մեծությամբ կամ ուժի դրսեւորմամբ։ Գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություններ է ստեղծում ունենալու անվտանգության համակարգ, որի հիմքը միկրո հարթությունն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]