211652_close_icon
views-count2119 դիտում article-date 10:56 02-12-2020

Կառավարության և ԱԺ շենքերում անկարգությունների գործով 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, պարզաբանվել է շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունը․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ: Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալներով հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, օգտվելով ստեղծված իրավիճակից, ՀՀ կառավարության վարչական շենքում տեղակայված աշխատասենյակներից, ՀՀ Ազգային ժողովի շենքում գտնվող աշխատասենյակներից և նիստերի դահլիճից, կառավարական առանձնատներից շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են նաև առանձնապես խոշոր չափերի գույք, առևանգել են ՀՀ ԱԺ բակում կայանված պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, որոնց մի մասը քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են: Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ: Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին: [color=#EF2929]Ծանուցում.[/color] ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր