211652_close_icon
views-count3801 դիտում article-date 19:39 29-11-2020

Անժելա Էլիբեգովա. Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք: Պատերազմը մեծ ռիսկ էր՝ կորոնավիրուս, նավթի ցածր գներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ, ներսում կլանային պայքարի սրում։ Ու անհաջողության դեպքում իշխանության լեգիտիմությունը կախված էր մազից։ Այսինքն՝ ինքը պետք է հստակ գարանտիաներ ունենար հաղթանակի, որ ամբողջ ունեցած ռեսուրսը ներդներ էդ ավանտյուրայի մեջ։ Բացի զինվելուց և արտաքին քաղաքական դաշտը նախապատրաստելուց, Ալիևն արեց ևս մի կարևոր քայլ՝ ֆիքսեց, որ իրեն այլ ելք չի թողել հենց Փաշինյանը։ Ինչի մասին ա խոսքը՝ 1. Փաշինյանը եկավ իշխանության և հայտարարեց, որ մի կողմ է դնում 24 տարվա բանակցությունները և սկսում է իր սեփական կետից, որի միակ արտացոլանքը «լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին» մի նախադասությունն էր։ Հետո ասեց, որ էդպիսի լուծում չկա, հետո ասեց, որ լիազորված չի բանակցել արցախցիների անունից, հետո ասեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, հետո ասեց, որ որևէ տարածք հանձնելու մասին խոսք չի կարող գնալ, հետո ասեց, որ բանակցություններ չկան, հետո ասեց, որ ինչ պետք է, դա էլ բանակցում են։ 2. Սա բանակցություններում առաջացրեց քաոս։ Քանի որ հստակ դիրքորոշում հայկական կողմից չկար, ամիսը մեկ, իսկ երբեմն շաբաթը մեկ պաշտոնական հռետորաբանություն էր փոխվում ու իրար հակասող թեզեր բարձրաձայնվում։ Մի խոսքով, բանակցային գործընթացը փակուղի մտավ արդեն 2020-ի գարնանը։ 3. Տավուշի դեպքերը որպես մեծ հաղթանակ ներկայացնելը, 72 հոգու Մարտական խաչով պարգևատրելը և դա, որպես մինի-պատերազմ ներկայացնելը արդեն չթողեցին Ալիևին ֆեյսսեյվինգի տեղ։ Նա խոստացավ վրեժ լուծել։ Խոստացավ հրապարակավ։ Իսկ վերևում նշած ներքին խնդիրներն Ադրբեջանում իրեն պարտադրում էին հանրությանը տալ հոգեբանական բավարարվածություն։ Իրեն ռազմի դաշտում էլ փակուղի մտցրեց Փաշինյանը։ 4. Կարելի էր խուսափել լայնամասշտաբ պատերազմի՞ց: Այո՛։ Ալիևին, իմ կարծիքով բավարար էր մեկ-երկու շրջան ստանալը և իր համար փակելն այդ հարցը տասնամյակով։ Որովհետև մեծ պատերազմը մաշեց իր ռեսուրսները, վերաբնակեցման համար էլ տասնյակ միլիարդավոր ներդրումներ պիտի անի պետական միջոցներից, դա էլ է դժգոհության առիթ տալու։ Իսկ նավթի եկամուտների պիկը վաղուց անցել ա, երկիրը դանդաղ, բայց աղքատանալու ա։ 5. Ինչի էր Փաշինյանը մանիակային համառությամբ Ալիևին տանում փակուղի և ռազմական և դիվանագիտական դաշտում, եթե իր իսկ պնդմամբ 2.5 տարի առաջ արդեն գիտեր, որ Ադրբեջանն սպառնում է պատերազմո՞վ: Ինչի՞ էր քայլ առ քայլ նպաստում հենց այդ սցենարի զարգացմանը: Ինչի՞ էր հրապարակավ սադրում ու զուգահեռ ռազմական գաղտնիքներ պատմում մեր պարենային պաշարների մասին, զորքերի քանակի մասին տարբեր զորամասերում (սննդի նոր ծրագրի «թափանցիկ հաշվետվության» մեջ), բանակից արձակուրդ գալու կարգի ու քանակի մասին և այլն, հստակ ազդակ տալով թշնամուն։ Միտումնավոր էր դա, թե՞ հանցավոր անմեղսունակություն, ցույց կտա հետաքննությունը։ Բայց մեր տղաների կյանքերը դա արդեն չի վերադարձնի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր