211652_close_icon
views-count2339 դիտում article-date 18:38 26-11-2020

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո 2 լիբանանահայ է անհետացել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: [url=https://armenpress.am/arm/news/1035996.html]«Արմենպրես»[/url]-ի հետ հարցազրույցում այս մասին նոյեմբերի 26-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին և մեկ տղամարդ անհետացել են Արցախում, զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու և այդ մարդիկ չկան: Փորձում ենք պարզել, թե որտեղ են, բայց չենք կարողանում գտնել նրանց, թուրքերի մոտ են իրենց հեռախոսները»,- ասաց Սինանյանը: Լիբանանահայերից մեկը հայրենիք է վերադարձել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո` ցանկություն հայտնելով վերաբնակվել Արցախում: Նա ժամանակավորապես տեղավորվել է Շուշի քաղաքի հյուրանոցում` մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը: Պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Գորիս, իսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո` նոյեմբերի 10-ին, մեկ այլ լիբանանահայ տղամարդու հետ Բերձորից ենթադրաբար մեկնել է Շուշի` իր իրերի հետևից: Լիբանանահայերի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ավելի ուշ թուրք կամ ազերի անձինք պատասխանել են նրանց հեռախոսին, սկզբում հայտնել, որ կինը գերի է, հետո նշել, թե սպանված է: Լիբանանահայ տղամարդու վերաբերյալ տեղեկություններ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր Խաչին և Ազգային անվտանգության ծառայությանը:

Նմանատիպ նյութեր