211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է, հանրության մեծ զանգվածի համար, քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6371 դիտում article-date 23:08 24-11-2020
Մենք, իհարկե, հստակ մեխանիզմ, քայլերի հաջորդականություն ունենք, թե ինչպես հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, բայց եթե Նիկոլ Փշինյանն ունի գոնե մի փոքր պետական մտածելակերպ և ցանկանում է ինչ-որ կերպ աջակցել պետության հետագա գոյությանը, պետք է մտածի որպես պետական գործիչ, այլ ոչ թե փողոցից եկած ավանտյուրիստ, և ինքնակամ ներկայացնի հրաժարականի դիմումը: Այս մասին [url=https://hraparaktv.am/post/193dfcb1106f112dd0264b45aeaf7429]Hraparak.am[/url]-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես հույս ունեմ, որ իր մեջ մնացել է մի փոքր մարդ, որը հասկանում է, որ իր հրաժարականով ոչ թե զրկվելու է իր իշխանությունից, որից ինքը կառչած է, այլ օգնելու է Հայաստանի և Արցախի հետագա կայացմանը, զարգացմանը և ոչ թե երկիրը տանի կործանման»,- շեշտել է նա: Դիտարկմանը, թե քայլերը դեռևս արդյունավետ չեն, և Փաշինյանը չի պատրաստում կարծես հրաժարական տալ, Վանեցյանը նշել է. «Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ, մենք օգտվելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներից և գեներացնելու ենք հանրային պահանջ, որն արդեն իսկ կա: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է: Ինձ համար, հանրության մեծ զանգվածի համար քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի»: Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև օրերս հանրահավաքի ժամանակ արված իր մի բացահայտմանը, որ Նիկոլ Փաշինյանը Իջևանի հավաքները ցրելու համար, ասել է «ցանկանում եմ արյան գետեր տեսնել»: «Իջևանի հետ կապված դեպքը պետք չէ ընդունել որպես ուղիղ հրահանգ, այս դեպքին պետք է նայել այլ տեսանկյունից: Դա մարդու ընկալումների, ներքին կոմպլեքսների մասին խոսող «հրահանգ է»: Իջևանում դուք տեսաք, որ օրենքով մեզ վերապահված գործառույթները կատարեցինք և, փառք աստծո, արյան գետեր չհոսեցին»,- նշել է նա: Վանեցյանը շեշտել է, որ այդ մասին չէր խոսի, ուղղակի պատմել է, որ բացի մարդկանց, հանրության աչքերը, որպեսզի տեսնեն Փաշինյանի ստերը, և չտրվեն նրա մանիպուլյացիաներին, թե սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ: Վանեցյանը նաև ընդգծել է, որ ժամանակը ցույց տվեց, որ այն, ինչ գրել էր իր հրաժարականի տեքստում, ցավոք սրտի, ժամ առ ժամ իրականություն է դառնում: Արթուր Վանեցյանի խոսքով՝ պատերազմից առաջ էլ ունեինք քայքայված պետական համակարգ, միակ ձեռքբերումը, որն ուներ Փաշինյանի կառավարությունը, ասֆալտապատումն էր: Նա նաև նշել է, թե մարդիկ մոռացել են, որ մինչև պատերազմի սկսվելն էլ ՀՅԴ-ն, «Հայրենիք»–ը և ԲՀԿ-ն պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և հոկտեմբերի 8-ին նշանակված էր հանրահավաք, որի օրակարգում էր վերջինիս հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և ապա նոր ընտրությունների անցկացումը: Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ ոչ միայն ինքն է տեսել Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ սպառնալիք մեր երկրի ընթացքին, այլ դրա մասին խոսել է իրենից հետո հերթական անգամ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնողը՝ Միքայել Համբարձումյանը: «Նրա հայտարարությունը մեծ արձագանքի չարժանացավ, բայց հստակ տրված էին գնահատականներ և ընթացքը, որ եղավ մեր երկրում, այդ գնահատականի ուղիղ ապացույցն էր, և, ցավոք, ունենք այն, ինչ ունենք: Փաշինյանը, լինելով պրոֆեսիոնալ ստախոս, կարողանում է իր ֆեյսբուքյան թվացյալ Հայաստանում մոլորեցնել հասարակության մի հատվածի, կարծիքը փոխել և մարդկանց կամ երևույթները ներկայացնել իր ուզած տեսանկյունից, ինչի արդյունքում ունենք նման բարդ խնդիր. կորցրել ենք մեր հայրենիքի Արցախյան հատվածի 70 տոկոսը, իսկ մարդկանց մի մասը դեռևս փորձում է ինչ-որ պատճառաբանություններով արդարացնել Փաշինյանին»,- շեշտել է նա: Հարցին՝ շա՞տ են եղել Փաշինյանի կողմից իրեն տրված ապօրինի հրահանգներ, Վանեցյանն ասել է. «Ես զերծ եմ մնացել Փաշինյանի ապօրինի հրահանգները կատարելուց և զերծ եմ պահել համակարգը ապօրինի հրամաններ և հրահանգներ կատարելուց»: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր