82782 դիտում
12:06 23-11-2020
Երևանում մահվան ելքով խոշոր ավտովթարի կասկածյալ Range Rover-ի վարորդը, տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչներն իր հետքի վրա են, կամավոր ներկայացել է ոստիկանություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ, նոյեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Երևանում մահվան ելքով ավտովթար կատարած և փախուստի դիմած Range Rover մակնիշի ավտոմեքենայի համարանիշն ու ում անունով է այն հաշվառված։
Ոստիկաններն ու քննիչները արդեն հետքի վրա դուրս գալիս են եղել, երբ Ոստիկանության Էրեբունու բաժին է կամավոր ներկայացել Երևանի բնակիչ 32-ամյա Պետրոս Սուքիասյանը և հայտնել, որ Range Rover մակնիշի 36 SC 111 համարանիշի ավտոմեքենան վթարի պահին ինքն է վարել։
Պ․ Սուքիասյանը Ոստիկանության Էրեբունու բաժնից տեղափոխվել է քննչական վարչություն, որտեղ էլ ՀԿԳ ավագ քննիչ Տ․ Վարդանյանի որոշմամբ՝ ձերբակալվել է։
Ավետոմեքենան էլ քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/22/1171488/]Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի, համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Զավեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 68-ամյա Սոֆյա Ս.-ն տեղում մահացել է, իսկ 5-ամյա Ն. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Սուրիկ Բարսեղյանն ու Նարեկ Մայիլյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանն ու ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+