Տրվել է հարևան երկիր ներմուծելու համար նախատեսված սփրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր. ՍԱՏՄ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված, առանց հայերեն մակնշման, 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդ՝ նախատեսված Ադրբեջան ներմուծելու համար:
Արդյունքում պարզվել էր նաև, նշված սննդատեսակի այդ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:
Կասեցնելով հայտնաբերված նմուշների իրացումը՝ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում և պարզել, որ տվյալ սննդամթերքի պահման պայմանները, չեն համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին և պահանջներին:
Կատարվել է «Տուլչինկա» սպրեդի նմուշառում, որի լաբորատոր փորձաքննությունը փաստում է. սննդամթերքը համապատասխանում է Մաքսային միության 024/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
ՀՀ օրենսդրության պահանջներին չի համապատասխանել, սակայն, նշված խմբաքանակի մակնշումը, ինչի կապակցությամբ տնտեսվարողին տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]


