1418 դիտում
23:39 17-11-2020
Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ֆրանսիայի Կառավարությանն ու միջազգային հանրությանը նույնպես ճանաչելու կոչ են անում։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994թ․-ից ի վեր անկայուն հրադադարով սառեցված Ղարաբաղյան հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով ինքնորոշված հանրապետության դեմ:
Ադրբեջանական բանակը, որի կազմում ներգրավված էին Սիրիայում ջիհադիստական խմբերում ծառայած վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ առաջացրեց Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որն ուղեկցվեց զինված հակամարտության միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով: Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Այդ ռմբակոծությունների զոհ են դարձել բազմաթիվ խաղաղ բնակիչներ և արտաքսման ենթարկվել հազարավոր արցախցիներ:
Նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ 44-օրյա արյունալի մարտերից հետո, Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո ստորագրված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտավ՝ ֆիքսելով հակամարտության կողմերի դիրքերը: Չնայած, որ այդ համաձայնագրի վերջնական դրույթներն ամենևին էլ գոհացուցիչ չեն, դրանք օգնում են առնվազն փրկել կյանքեր երկու կողմերից:
Տարածքային կորուստները, այնուամենայնիվ, կարող են հանգեցնել ծայրահեղ վատ իրավիճակի՝ Արցախի բազմահազարամյա ժառանգության, 4-րդ, 8-րդ կամ 10-րդ դարի նրա հարյուրավոր վանքերի և եկեղեցիների պահպանման հարցում… Այդ առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով՝ նկատի առնելով բոլոր աննախադեպ ավերումները, որ իրականացվել են քաղաքում, այդ թվում` վերջերս վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ:
Այսուհետ, մեր պարտքն է այլևս չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային։ Մենք պետք է վերահաստատենք մեր ողջ զորակցությունը բարեկամ ժողովրդին՝ սատարելով հայ բնակչության վերադարձին իրենց պապենական հողեր:
1991թ․ սեպտեմբերի 2-ին իր անկախության հռչակումից ի վեր, որը ամրագրվել է 1991թ․ դեկտեմբերի 10-ին լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը սեփական ժողովրդի համար մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում:
Ամբողջացնելով միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը) այսուհետ պետք է համարվի, որպես այդպիսին, իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողին, ընդհանուր լեզվով, միասնական պատմությամբ, ժառանգած մշակույթով և դավանած կրոնով: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը` Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:
Ֆրանսիան, որը հավասարակշռված քաղաքականություն վարող գերտերություն է, հազարամյա բարեկամական կապեր ունի Հայաստանի հետ և ավելի քան 100 տարուց ի վեր պատմական և համընդհանուր պատասխանատվություն է կրում այն ցեղասպանության նկատմամբ, որի զոհ դարձավ հայ ժողովուրդը 1915 թ․-ին: Այս բարեկամությունն իր արտահայտումն է գտնում այն հարաբերություններում, որոնք երկար տարիներ ի վեր գոյություն ունեն մեր քաղաքների ու շրջանների և Հայաստանի կամ Արցախի համայնքների միջև:
Հետևաբար, մենք՝ այս կոչը ստորագրած քաղաքապետերս և տեղական ընտրված ներկայացուցիչներս, ճանաչելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, որպես նրա բնակիչների անվտանգության երաշխավորման և դեռևս Արցախին սպառնացող էթնիկական զտումների կանխարգելման միակ արդյունավետ միջոց, այսօր կոչ ենք անում միջազգային հանրությանն այս ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Այս ամենից ելնելով՝ մենք առաջին հերթին հորդորում ենք Ֆրանսիայի կառավարությանը դուրս գալ իր բարեհաճ չեզոքությունից՝ ճանաչելով Արցախը, և աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղ գործընթացին, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները՝ հանդիսանալով տրամաբանական և արդյունավետ քայլ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում:
Առաջին ստորագրողներն են՝
[b]քաղաքապետեր
– Նիկոլա Դարագոն, Վալանսի (Դրոմ) քաղաքապետ
– Լորանս Ֆոտրա, Դեսինի քաղաքապետ (Ռոն)
– Թիերի Կովակս, Վիենի քաղաքապետ (Իզեր)
– Էրվե Ռեյնո, Սոն Շամոնի քաղաքապետ (Լուար)
– Ֆիլիպ Մարինի, Կոմպիեյնի քաղաքապետ (Ուազ)
– Ռիշար Մալիե, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն)
– Միշել Ամիել, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն)
– Ժան-Ժակ Գիյե, Շավիյի քաղաքապետ (Օ-դը-Սեն)
– Լյուկ Կարվունաս, Ալֆորվիլի քաղաքապետ (Օ-դը-Սեն)
– Մոդ Տալե, Շան-սյուղ-Մաղնի քաղաքապետ (Սեն-է-Մաղն)
– Մարի-Էլեն Թողավալ, Ռոման-սյուղ-Իզեղի քաղաքապետ (Դրոմ)
– Մարլեն Մուրիե, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ (Դրոմ)
– Նատալի Նիեզոն, Բուրգ-դը-Պեաժի քաղաքապետ (Դրոմ)
– Կրիստիան Գոտիե, Շատյուզանժ-լը-Գուբե քաղաքապետ (Դրոմ)
– Սիլվի Գոշե, Գիլերան-Գրանժի քաղաքապետ (Արդեշ)»։[/b]
Նմանատիպ նյութեր
3916 դիտում
02:05 27-11-2020
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Այս բաժնից
796 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1063 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1333 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ