211652_close_icon
views-count2127 դիտում article-date 12:01 17-11-2020

Հայաստանից Արցախ վերադառնալու ցանկություն հայտնողների թիվն աճում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո, արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնվում է Ադրբեջանին անցած Արցախի որոշ շրջաններից քաղաքացիների տեղափոխման հարցը։ Ականատեսները հայտնում են, որ իրենց բնակավայրերը հարկադիր լքող ընտանիքներն ինքնակազմակերպվում են։ Հետպատերազմյան համատարած այս անորոշության ֆոնին չստանալով պետական որևիցե աջակցություն՝ մարդիկ ինքնուրույն հոգում են իրենց տեղափոխման բոլոր հարցերը։ Արցախի կառավարության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Բալայանը ևս «Հայկական ժամանակի» հետ զրույցում չհերքեց այն փաստը, որ մարդիկ իսկապես ինքնակազմակերպվում են և այդ հարցում պետությունը նրանց որևէ օժանդակություն չի տրամադրել։ Սակայն նա ևս վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ մարդիկ հետ վերադառնան Արցախ, ոչ թե գնան Հայաստան։ «Հիմա այս խառը իրավիճակում մարդիկ ինքնակազմակերպվում են, բայց յուրաքանչյուրի խնդիր, հոգս Արցախի Հանրապետության կառավարության հոգածության ներքո է: Ամեն ինչ արվելու է այդ բնակիչների կարիքների գնահատման, աջակցության համար»,- ասաց նա։ Բալայանը հիշեցրեց ԱՀ նախագահի հայտարարությունը, երբ վերջինս քաղաքացիներին կոչ էր արել չշտապել և չլքել իրենց բնակավայերերը։ Նկատենք՝ արցախցիներին սեփական գույքն ու տունը չայրելու հորդորներ էր արել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Սամվել Բալայանի հետ զրույցում հետարքրքվեցինք մեկ այլ խնդրից ևս․ որոշ անձանց վստահեցմամբ՝ Հայաստանից Արցախ հետ վերադարձը ևս անկազմակերպ է։ Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ գալիս են ոչ միայն տեղի ժողովուրդը, այլ նաև Մարտունու, Շուշիի, մոտակա ու հեռավոր գյուղերի։ Նշում են, որ այդ մարդկանց Երևանում ասել են, թե տանելու են իրենց բնակավայր, տեղավորելու են հյուրանոցներում և այլն։ Սակայն տեղում պարզվել է, որ ոչ մի բան կազմակերպված չէ։ Պատասխանատու չկա, ոչ ոք չգիտի, մարդիկ էլ մնում են մոլորված։ Տեղեկատվության բաժնի պետը նախ, կարծիք հայտնեց, որ խնդիրը չափազանցված է և ուսումնասիրման կարիք ունի, ապա նաև հավելեց․ «Իհարկե այս բարդ ու ծանր ժամանակահատվածում պետական համակարգը անում է հնարավորը՝ իր քաղաքացիների խնդիրները կարգավորելու համար: Սակայն պետք է ըմբռնումով մոտենալ և օգնել պետական մարմիններին այս իրավիճակում անվրեպ աշխատելու ու արցախցիների խախտված իրավունքներին տեր կանգնելու համար»։ Բալայանը շեշտեց՝ այս դժվարությունները հաղթահարելու համար մի փոքր համբերություն և կամք է անհրաժեշտ։ Ավելի ուշ ՀՀ Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացանք, որ Երևան-Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումները շարունակվում են։ Նոյեմբերի 14-ին Արցախ են վերադարձել 250, 15-ին՝ 475, իսկ 16-ին՝ 560 արցախցիներ։ «Վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է»,- հայտնում են օպերատիվ շտաբից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր