Ուհանում բրազիլական տավարի մսի փաթեթավորման վրա նոր կորոնավիրուս է հայտնաբերվել
Ուհանում սառեցված սննդի թեստավորման համապետական արշավի շրջանակներում բրազիլական տավարի մսի խմբաքանակի փաթեթավորման վրա նոր կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Reuters-ը:
Ուհանի քաղաքապետարանի առողջապահական հանձնաժողովը հայտնել է, որ Բրազիլիայից ներմուծված սառեցված տավարի մսի արտաքին փաթեթավորման վրա երեք դրական նմուշ է հայտնաբերել:
Տավարի միսն օգոստոսի 7-ին էր ներմուծվել Ցինդաո նավահանգիստ, իսկ օգոստոսի 17-ին` Ուհան, որտեղ մինչև վերջերս պահվում էր սառնարանում:
Նոր կորոնավիրուսն առաջին անգամ հայտնվել էր անցյալ տարվա վերջին Ուհանի շուկայում և տարածվել էր աշխարհով մեկ:
Բնակչության շրջանում վիրուսի տարածման դեմ պայքարի կտրուկ միջոցների ձեռնարկումից հետո Չինաստանը հունիսի վերջին վիրուսի հայտնաբերման համար սկսեց ստուգել ներմուծվող սննդամթերքը:
Մինչև սեպտեմբեր գրեթե 3 միլիոնից հայտնաբերվել էր ընդամենը 22 դրական նմուշ, սակայն քանի որ նավահանգիստների որոշ աշխատակիցներ վերջերս վարակվել էին կորոնավիրուսով, իշխանություններն այս շաբաթ ակտիվացրել էին ներմուծվող սննդամթերքի թեստավորումն ու ախտահանումը: