211652_close_icon

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներն Արցախի հարցով դիմել են Բայդենին

views-count5208 դիտում article-date 09:53 13-11-2020
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալլոունը և Ջեքի Սփեյերը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ [url=https://www.facebook.com/ancagrassroots/posts/10157979859401859]նամակով[/url] դիմել են ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին: Կոնգրեսականներն ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ծանր հարձակման հետևանքով կրելով մեծաքանակ կորուստներ ու կանգնելով հազարավոր հայերի գոյության սպառնալիքի առաջ` Հայաստանը համաձայնվել է Ռուսաստանի կողմից միջնորդված խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը թեև դադարեցրել է ռազմական գործողությունները, սակայն շատ ծանր գնով` Հայաստանի համար. Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Լեռնային Ղարաբաղի տարածքները, Բաքվի համար ցամաքային կապ է ստեղծվելու Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով, իսկ ռուս խաղաղախահները ԼՂ-ում կանխելու են ռազմական գործողությունների վերսկսումը: «Մենք ողջունում ենք խաղաղությունը, բայց խորապես մտահոգված ենք այս համաձայնագրի կտրուկ ու երկարաժամկետ հետևանքներով, որոնք չեն կարգավորում ԼՂ կարգավիճակի հարցը: Այս ողբերգական հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն առավել ակտիվ գործեին, իսկ նման քայլերի բացակայությունն ավելի է նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությանը, գործնական քայլերին ու դրանց հետևանքով արձանագրված իրողություններին: Քանի որ ստանձնում եք ԱՄՆ նախագահի պաշտոնը, Դուք հնարավորություն ունեք նոր քաղաքականություն որդեգրել տարածաշրջանում, որը կաջակցի ժողովրդավարությանը, մարդու և, մասնավորապես, ազատ ինքնորոշման իրավունքներին: Առաջին. հավատացած ենք, որ Ձեր վարչակազմը կկասեցնի Ազատության թիվ 907 ակտն Ադրբեջանի մասով` դադարեցնելով այդ երկրին տրվող ռազմական օգնոթյունը, որը նախորդ երկու տարում գերազանցել է 100 միլիոն դոլարը: ԱՄՆ-ը չպետք է աջակցի այն երկրի ներուժի մեծացմանը, որը ռազմական ուժ է կիրառում հարևանների նկատմամբ: Երկրորդ. ԱՄՆ-ը պետք է կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում` հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով: Այս շաբաթ հաստատված զինադադարը որևէ կերպ չի կարգավորում հակամարտությունն ու չի երաշխավորում երկարաժամկետ խաղաղություն: ԱՄՆ-ը պետք է աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը սահմանվի ինքնորոշման իրավունքին համապատասխան: Երրորդ. Մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը, բնակչությունն ու ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են Ադրբեջանի ռազմական հարվածների, մասնավորապես` հրթիռահրետակոծման ու արգելված զինատեսակների կիրառման հետևանքով: Մենք պետք է երաշխավորենք, որ տեղահանված հայ փախստականները կարող են վերադառնալ, և որ նրանց անվտանգության համար սպառնալիքներ չեն լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Չորրորդ. ԱՄՆ-ը պետք է լրջորեն վերանայի իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, պարբերաբար հանդես է գալիս Միացյալ նահանգների դեմ: Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Կիպրոսում Թուրքիայի քաղաքականությունն ապակայունացնող է եղել: Թուրքիան, ինչպես գիտեք, արդեն փորձարկել է ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը` հակառակ ԱՄՆ օրենսդրության: Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի քաղաքականության վերանայում Թուրքիայի հանդեպ` մեր արժեքներին և շահերին համապատասխան: Վերջապես, ԱՄՆ-ը պետք է ձգտի ամրապնդել կապերը Հայաստանի հետ, երիտասարդ ժողովրդավարություն, որը ցնցվել է վերջին մեկ ամսվա իրադարձություններից: Խնդրում ենք, որ Ձեր վարչակազմը միջոցներ գտնի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ»,- նշել են նամակում կոնգրեսականները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Նմանատիպ նյութեր