211652_close_icon
views-count432 դիտում article-date 10:47 07-11-2020

Անհեթեթ բանավեճի նոր առիթը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ ասվում է, որ մեզ՝ հայերիս, այժմ միասնություն և համերաշխություն է պետք, մեր քաղաքացիների մեծ մասը դրա հետ համաձայն է: Բայց նրանք, ովքեր համաձայն են, սովորաբար լռում են: Արտահայտվում են, ըստ էության, չհամաձայնողները: Նրանք ասում են՝ «այո, բայց․․․»: Այդ «բայց»-ին հետևում է երկու տեսակի վերապահում. «նախկին»-ականները խոսում են «ապաշնորհ կառավարման» և «պարգևավճարների» մասին, «ներկա»-ականների թեման է «թալանն» ու «5-րդ շարասյունը»: Անկախ նրանից, թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, պարզ է, որ դրանք պետք է հետաձգել մինչև պատերազմի ավարտը: Տվյալ պարագայում, եթե ասում են՝ «այո, բայց», ապա երկրորդ բառը չեզոքացնում է առաջինը: Նույն, մեղմ ասած, վնասակար բովանդակությունն ունի սքոլաստիկ բանավեճն այն մասին, թե երբ էր Հայաստանն ավելի լավ զինվում՝ 2018-ից առաջ, թե 2018-ից հետո: Իհարկե, հանուն արդարության, պետք է ասել, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մի թեթև առիթ է տվել նման բանավեճի համար: Բայց առիթն այնքան աննշան էր, որ չպիտի արժանանար «նախկինների» բուռն արձագանքին: Բնականաբար, արձագանքն արժանացել է «ներկաների» ու նրանց կողմնակիցների «ջախջախիչ հակահարվածին», այդ «հակահարվածը» պատճառ դարձավ հակառակ կողմի նմանատիպ նոր պատասխանների և այդպես շարունակ: Արդյոք հիմա նման փոխհրաձգությունների ժամանա՞կն է: Նախ ասեմ, թե ինչու եմ ես այդ բանավեճը սքոլաստիկ համարում: Բերեմ «ոչ ռազմական» օրինակ: Իմ մանկության տարիներին մեր տանը հեռուստացույց չկար՝ անհասանելի ճոխություն էր, իսկ հիմա կա, և բավականին լավը, բայց այն մեզ՝ որպես զուտ հեռուստատեսային կոնտենտ սպառող, պետք չէ: Այժմ դա զուտ մոնիտոր է, որը երբեմն միանում է համակարգչին: Հիմա ես դրա համար ո՞ւմ մեղադրեմ կամ փառաբանեմ՝ կյանքը առաջ է գնում, պահանջարկները շատ արագ են փոխվում (այդ թվում, իհարկե, նաև ռազմական ոլորտում)՝ մանավանդ վերջին տարիների ընթացքում: Կամ՝ 100 տարի առաջ Երևանում ավտոմեքենաների քանակը մատների վրա կարելի էր հաշվել, հիմա ամեն րոպե խցանումների մեջ ենք ընկնում՝ դա ո՞ւմ շնորհքն է կամ ո՞ւմ մեղքը: Իսկ ինչո՞ւ է այդ վեճը վնասակար: Որովհետև դարձյալ առիթ է տալիս իրար մեղադրելու, իրար բզկտելու, իրար կասկածելու համար, ինչպես նաև «հներ-նորեր», «նախկիններ-ներկաներ» արդեն փոքր-ինչ ձանձրալի դարձած օրակարգն ի հայտ բերելու: Այդ դիսկուրսն անհեթեթ է և անիմաստ ընդհանրապես, և անպատեհ է հատկապես պատերազմի ժամանակ: Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունը չի բաժանվում «2018-ից առաջ և հետո» չափանիշով, կամ որևէ այլ տարեթվից «առաջ և հետո»՝ դա 3000 տարի անընդհատ շարունակվող ընթացք է: Դրանում «շրջադարձային երևույթներ» կամ «բաժանարար գծեր» գտնելն, իհարկե, պատմաբանների գործն է: Իսկ քաղաքական առումով այդպիսի ջրբաժաններ դնելը սխալ է: Մանավանդ, երբ խոսքը վերջին 30 տարվա մասին է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր